|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դիարբեքիրի Սուր գավառում «արագ կերպով գույքի օտարման» որոշմամբ 30-ից 100 հազար լիրա արժեքով վաճառված տների փոխարեն կառուցված շքեղ առանձնատները անշարժ գույքի վաճառման կայքերում հանվել են վաճառքի՝ 600 հազարից մինչև 2 մլն լիրայով։ Ընտանիքներն ասում են․ «Գումար չենք ուզել, մեր տներն ենք պահանջել, սակայն չեն տվել»։
Դիարբեքիրի պատմական Սուր գավառի Ալիփաշա և Լալեբեյ թաղամասերում քաղաքի բարեկարգման շրջանակներում քանդված տների փոխարեն կառուցված շքեղ առանձնատները հանվել են վաճառքի։
Ալիփաշա թաղամասում գտնվող 800 տուն և աշխատավայր քանդվել են քաղաքի բարեկարգման շրջանակներում․ դրանց փոխարեն շքեղ առանձնատներ են կառուցվել։ Քաղաքի մշակութային դեմքին չհամապատասխանելու պատճառով հաճախ քննադատվող երկաթբետոնե շքեղ առանձնատները հանվել են վաճառքի 600 հազարից մինչև 2 միլիոն լիրա գնով՝ «պատմության և շքեղության միաձուլման» հիմնավորմամբ։ Մեկնաբանության բաժնում էլ նշվում է․ «Ամսական 1350 լիրա, 180 ամիս մարման ժամկետով։ Վճարները ֆիքսված են։ Գնի մեջ ներառված չէ»։ Թաղամասում, որտեղ հիմնականում ապրում էին աղքատ մարդիկ, տները 30 հազարից մինչև 100 հազար էին գնահատվում։
Թաղամասի տների գները 30 հազարից մինչև 100 հազար լիրա էին տատանվում
2012 թ․ մեկնարկած քաղաքի բարեկարգման ծրագրի շրջանակներում սկսվեց տների քանդումը, և 2016 թ․ «արագ կերպով գույքի օտարմամբ» նախապատրաստվեց տների քանդման գործընթացը։ Տների գներն առաջացրել են ընտանիքների դժգոհությունը, և բազմաթիվ ընտանիքներ չեն ցանկացել վաճառել իրենց տները։
Թաղամասում տները գնահատվում էին 30 հազարից մինչև 100 հազար լիրա։ Երբ ընտանիքները դուրս չեկան թաղամասից, էլեկտրականությունը և ջրամատակարարումն անջատեցին։ Ամիսներ շարունակ առանց էլեկտրականության և ջրի ապրած ընտանիքներին հետագայում հարկադրաբար հանեցին։ Իրենց տները վաճառել չցանկացող բազմաթիվ ընտանիքներ դիմել են դատարան, և դատական գործընթացը դեռևս շարունակվում է։ 6 ընտանիք ապրում էր երկհարկանի տանը։ Այդ տունը նախկինում գնահատվել է 100 հազար լիրա, իսկ այս պահին՝ 360 հազար լիրա։
Սևիմ Շենգիի ընտանիքը այն ընտանիքներից մեկն է, որոնց տունը քանդել են «արագ կերպով գույքի օտարման» որոշումից հետո։ Տունը վաճառել չցանկացող Շենգի ընտանիքի կողմից հարուցված դատական գործը դեռևս շարունակվում է։ Տունը, որ երկհարկանի է, և որտեղ ապրում է 6 ընտանիք, առաջին փուլում գնահատվել է 100 հազար լիրա։ Երբ ընտանիքը տունը որոշել է չվաճառել, գինը հասել է 380 հազար լիրայի։ Սակայն ընտանիքը դեռևս չի ցանկանում տունը վաճառել, այլ մտադիր է վերադառնալ թաղամաս։ «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում 60 տարեկան Սևիմ Շենգին ասում է․ «4 տարի առաջ, երբ տները սկսեցին քանդել, դուրս եկանք։ Շատ ընդդիմացանք, սակայն բռնի ուժով մեզ հանեցին»։
«Գումար չենք ուզել, մեր տունն ենք պահանջել, սակայն չտվեցին»
Շենգին նշում է, որ երկհարկանի տանը 6 ընտանիք էր բնակվում, իսկ տնից վտարվելուց հետո այդ 6 ընտանիքը վարձով է ապրում։ Շենգին հայտնում է․ «Իմ որդին 3 ամիս ապրել է առանց էլեկտրականության և ջրի, սակայն՝ ապարդյուն։ Իմ որդին ասաց․ «Դուրս չե՛մ գա», սակայն դուրս հանեցին։ Ինչ արեցինք՝ չստացվեց, ստիպված դուրս եկանք։ 60 տարեկան եմ, այնտեղ եմ ծնվել, այնտեղ մեծացել, իմ բոլոր հուշերն այնտեղ են մնացել։ Կինս մահացել է, իմ բոլոր հուշերն այդ վայրերի հետ էին կապված։ Այնտեղ մեզ համար շատ լավ էր։ Իմ երեխաներին հանել էին գործից, դուրս չէին գալիս, այս պահին չեն աշխատում։ Մեր տունը մոտ 400 քմ, երկհարկանի տուն էր, բակ ուներ։ Այնտեղ ապրում էինք իմ 5 եղբայրների հետ, այսինքն՝ 6 ընտանիք։ Բակը մեծ էր։ Սկզբում առաջարկեցին 100 հազար լիրա, չվաճառեցինք, այս պահին 380 հազար լիրա են ասում։ Այդ գուրարը 6 ընտանիքի չի բավարարի։ Հիմա բոլորս վարձով ենք ապրում։ Ոչ մեկս չի աշխատում, օրավարձով աշխատող ենք։ Գումար չենք ուզել, մեր տունն ենք պահանջել, սակայն չտվեցին։ Այժմ էլ շատ թանկ են վաճառում, չենք կարողանում գնել։ Ցանկանում ենք, որ հետ տան մեր տունը։ Դատի ենք տվել։ Դատը դեռ շարունակվում է»։
«Ցածր փոխհատուցում տալով՝ նրանց ստիպեցին հեռանալ այնտեղից»
Ժամանակին Դիարբեքիրի ճարտարապետների տան ղեկավար Շերեֆհան Այդընը հայտնում է, որ այդ ժամանակ տները ընտանիքներից շատ ցածր գներով են գնել․ «Քանի որ տները հին էին, հաշվարկ անելու ժամանակ ավերվածության չափը շատ բարձր էր գնահատվում, Օրինակ՝ 90 տոկոսը ավերվածության չափն էր։ Հետևաբար շենքի գինը շատ ցածր էր գնահատվում։ Տեղի ժողովրդի առարկության հիմնական կետերից մեկն էլ դա էր։ Բազմաթիվ սեփականատերեր կան, որոնք վարձակալներ են։ Շենքերը մեծ էին, սակայն սեփականության վկայականում քիչ չափով նշված լինելու պատճառով վերահաշվարկ են արել, ցածր գին տվել և նրանց հանել այդտեղից։
«Տները գրեթե 10 անգամ ավել գնով վաճառեցին, այդ հարցում հիրավի առևտուր արեցին»
Այդընը նշում է, որ բազմաթիվ ընտանիքներ լքել չէին ուզում թաղամասը, ինչի պատճառով չէին ցանկանում վաճառել իրենց տները, որոշ ընտանիքներ էլ գույքի արժեքի հաշվարկի ժամանակ առարկել են, ապա՝ հավելում․ «Ներկայում կառուցված շքեղ առանձնատները 700-800 հազար լիրայով հանել են վաճառքի։ Մինչդեռ Ալիփաշայում և Լալեբեյում առաջարկված ամենամեծ գումարը եղել է 80-90 հազար լիրա, դրանք էլ շատ մեծ տների համար էին։ Իսկ հիմա գրեթե 10 անգամ ավել շահույթով են դրանք վաճառում։ Հիրավի առևտուր է կատարվել այդ հարցում։ Բազմաթիվ ընտանիքներ համարելով, որ գումարը քիչ է, չեն ընդունել առաջարկը։ Հիմա ընտանիքներ կան, որոնք հաշվարկից հետո առաջարկվող գումարին են սպասում, միաժամանակ դատական գործընթացի մեջ են։ Առաջարկը չընդունած ընտանիքները դիմում էին դատարան»։
https://tr.sputniknews.com/columnists/202101291043688603-surda-30-ila-100-bin-liraya-alinan-evlerin-yerine-yapilan-villalar-satista-fiyatlar-2-milyona-kadar/
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net