Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ankakh.com-ը գրել է․ «1992 թվականի հունվարի 26-ը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ ամրագրվել է որպես Քարին տակի հերոսամարտի օր։ Այդ օրը ադրբեջանական կողմը հսկայական ուժեր կենտրոնացրեց և հատուկ պլան մշակեց գյուղն ամեն գնով ծնկի բերելու համար։ Չհաջողվեց։ Թշնամին մեծ կորուստներով հետ շպրտվեց՝ հունվար ամիսն անվանելով արյունոտ ամիս, իսկ Քարին տակը՝ արյունոտ ձոր։
2020 թվական: Հերոսական Քարին տակն ընկավ...
Ալեքսանդր Վարդանյանը ծնվել է Քարին տակում։ Մասնակցել է թե՛ Արցախյան ազատամարտին, թե՛ վերջին պատերազմին։
Նա քչախոս է, ներամփոփ։ Ներսում փոթորիկ է, բայց չի արտահայտվում։ Շատ հարցերի պատասխանում է խոր հոգոցով ու ձեռքը թափ տալով։
Քարին տակը Շուշիի ամենամոտ գյուղն է։ Այս պատերազմում էլ գյուղը մինչև վերջին շունչը պայքարեց։ Պարոն Ալեքսանդրը երկու որդիների հետ առաջնագծում էր։ Պաշտպանել են թե՛ գյուղը, թե՛ Արցախի մյուս բնակավայրերը։ Քարին տակի բոլոր տղամարդիկ են մնացել գյուղում ու հերոսաբար կռվել մինչև այն պահը, երբ հարակից գյուղերն արդեն անցել էին թշնամու տիրապետության տակ, և թուրքը մտել էր գյուղ՝ անհավասար ուժերով։
Փոքր որդին վերջիններից էր, որ դուրս են եկել գյուղից։ Նույնիսկ որոշ ժամանակ շրջափակման մեջ են մնացել։ Որդին զանգել է ընկերոջը, խնդրել, որ օգնության հասնեն։ Ընկերը եկել է, կրակ բացել թշնամու ուղղությամբ, իսկ տղաները կարողացել են ձորով մի կերպ դուրս գալ։ Օգնության հասած ընկերը զոհվել է՝ փրկելով նրանց կյանքը։
Քարին տակ գյուղն այս պատերազմում շատ զոհեր է տվել։ Հստակ թիվը դեռ հայտնի չէ։ Շատերն անհետ կորած են, նրանցից մեկն էլ զրուցակցիս հրամանատար եղբորորդին է։ «Հեռուստացույցով առաջին զոհերի մասին որ ասել են, իր անունն էլ մեջը կար, բայց ինքը մինչ օրս չկա․․․»։
Պարոն Ալեքսանդրը կնոջ՝ տիկին Անժելայի հետ արդեն երկու ամիս է Երևանում են։ Վարձով են ապրում։ Տնից դուրս են եկել դափ-դատարկ, նույնիսկ հագուստ չեն վերցրել՝ մտածելով, որ շուտով կվերադառնան։
«Երկհարկանի տուն ունեինք, նոր էինք վերանորոգել։ Հազիվ սկսել էինք մի քիչ շունչ քաշել, մարդավարի ապրել»,-ասում է ամուսինն ու հայացքը նորից խոնարհում։
Կյանքի ընթացքում շատ փորձությունների միջով է անցել, երբեմն կյանքը հրաշքով է փրկվել, 90-ականների սկզբին նույնիսկ գերի է ընկել ու երկու ամիս պահվել Շուշիի բերդում։ Բայց ամենավատ երազում անգամ չէր պատկերացնի, որ իր գյուղը, իր սիրելի Շուշին կհանձնվեն։
Շուշիի անկման մասին խոսելիս խորը հոգոց է հանում։ Քաղաքական հարցեր չի քննարկում, միայն մի բան է ասում՝ Շուշին անառիկ բերդ էր, հնարավոր չէր վերցնել։
Այժմ տեղը չի գտնում։ Ոչ էլ Ստեփանակերտ է ուզում տեղափոխվել, ոչ էլ մնալ Երևանում: Գյուղն է սիրում, իր գյուղը։
Կանանց, երեխաներին ու թոռներին դեռ պատերազմի օրերին էին ուղարկել Երևան։ 15 հոգով մի փոքր բնակարանի մեջ էին տեղավորվել։ Հետո Չարբախում ամսական 90 հազար դրամով մի տուն գտան, տեղափոխվեցին։ Այժմ ընտանիքը բաժան-բաժան է։ Հարսներն ու թոռները վերադարձել են Արցախ՝ չհարմարվելով նոր միջավայրին և Ստեփանակերտում վարձով են ապրում, որդիները նույնպես այնտեղ են։ Ինքն ու կինն էլ դեռ Երևանում են, Չարբախում վարձակալած տանը, մինչև կորոշեն հետագա անելիքները։ Հնարավոր է՝ տեղափոխվեն Աշխաբադում ապրող աղջկա մոտ կամ Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։
Պետությունից միանվագ դրամական օգնություն են ստացել։ Մի քանի անգամ էլ՝ չոր սնունդ ու մի քանի վերմակ։ Բայց ամսական ծախսերը շատ են, հատկապես վարձավճարն է խնդիր, դրան գումարած՝ վերջին ամիսների սառնամանիքների պատճառով հոսանքի ծախսը, չնայած տունը չի էլ տաքանում։ Միայն մի սենյակն են ջեռուցում, որտեղ ամուսիններն անցկացնում են օրվա մեծ մասը։ Տան մյուս հատվածներն այնքան ցուրտ են, որ երկար կանգնել հնարավոր չէ։
Ամուսինների խոսքով՝ տեղահանվածների նկատմամբ Արցախում պետությունն ավելի ուշադիր է, այնտեղ ավելի շատ օգնություն է տրամադրվում, քան այստեղ՝ Հայաստանում։
Առողջական խնդիրներ էլ ունեն։ Այս պատերազմի ժամանակ ամուսնու աչքերն են վնասվել։ Վիրահատվել է: Բայց դրա վրա ուշադրություն չի դարձնում, ողջ կյանքն է անցկացրել ռումբերի և արկերի տակ։
Պատմում են, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավագ որդին էր ծանր վիրավորվել։ Խորհրդային բանակի զինծառաողը Արցախում պատերազմը սկսվելուն պես վերադարձել էր հայրենիք ու մեկնել ռազմաճակատ։ Ոտքի մատները չկան, իսկ ոտքի մեջ դեռ 70 բեկոր կա։
90-ականների պատերազմի ժամանակ տիկին Անժելանել է վիրավորվել։ Գյուղում ջուր բերելիս ընկել է ռմբակոծության տակ։ Ամուսինն է փրկել։ Պարոն Ալեքսանդրը նաև հիշում է, թե ինչպես աղջկա հարսանիքի օրը թուրքը կրակեց, գնդակը եկավ, կպավ իր ծոծրակին։ Բարեբախտաբար վնասվածքը թեթև էր։
Այդ ամենը, սակայն, չէր խանգարում, որ ամբողջ հոգով սիրեն ու փայփայեն իրենց գյուղը՝ երբեք չմտածելով այն լքելու մասին։ Այսօր էլ բոլոր նյութական կորուստների հետ ժամանակի ընթացքում կհարմարվեն, մի մասը կվերականգնեն, բայց գյուղի կորստի հետ երբեք չեն հարմարվի ու կարոտը չեն հաղթահարի։
Կարոտում են նաև գյուղում թողած իրենց ձիուն՝ Բույանին: Վերջերս, երբ հարսներն ու թոռները վերադարձել են Արցախ, իրենց գյուղի կողքով անցնելիս ճանապարհի եզրին կապած տեսել են Բույանին: Ցավոք, մեքենայից իջնել չէին կարող: Արդեն ո՛չ գյուղն էր իրենցը, ո՛չ էլ ձին… »: