ՀՅԴ կամավորական վաշտի բժիշկ - ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Հայկազ Հարությունյանն արցախյան վերջին գոյապայքարի ժամանակ ստացել էր գլխի բեկորային վնասվածք։ Այս օրերին կատարած վիրահատության միջոցով նրա գլխից հեռացրել են բեկորը։ Վիրահատության առիթով նա հրապարակել է լուսանկարներ՝ կից մեկնաբանությամբ, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Երկու նկարների միջև միջակայքը ուղիղ 200 օր է մեկում վիրավորում ստնալուց մի քանի ժամ հետո, մյուսը՝ այդ վիրավորման հետևանքները վերացնելուց։
Երանի թե այդ 200 օրը իսպառ վերանար իմ գիտակցությունից, չհիշեի ընկերոջս կորուստը, հայրենիքիս հանձնումը, Շուշիի անկումը, իշխանության «հաղթելու ենք» վանկարկումներին հակառակ, իշխանիկիս ձեռքով ստորագրած կապիտուլյացիոն պայմանագիրը, թուրքի առանց զենքի հայրենիք մտնելը ու այնտեղ բնագիծ զբաղեցնելը, հայկական գյուղերը վարչապետի աթոռին նստածի կողմից անկլավ կոչելը և կամ Շուշին դժգույն քաղաք անվանելը։ Հնի ու նորի կռվի մեջ հայրենիքս կործանման հասցնելն, ու այս խամաճիկին, որ նստած է վարչապետի աթոռին…
Երբեք չեմ մտածել որ կցանկանամ ամնեզիա ունենալ, սակայն ավելի հեշտ միջոց հաղթահարելու այն ցավը, որ այս 200 օրը «պարգևեց» չկա։
Իրականությունից փախչելու ցանկությունը զուտ մի պահ է տևում, մյուս պահին կրկին աչքերս բացում եմ ու այս 200 դժոխային օրերի համար մեղավորներ փնտրում, խնդրի լուծման ուղիներ փորձում գտնել…
Երբ մտա թմրաքունի (նարկոզ) մեջ, վիրահատման նպատակով, մոտ 2 ժամ այն առավելագույնի մասին էի մտածում, որով կարող եմ պայքարել հայրենիքս հանձնողների դեմ, Շուշին դժգույն քաղաք, հայկական հողը ադրբեջանական անկլավ անվանումների, ժողովրդիս մոլորեցնողների դեմ, հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի, հանուն Արցախ ու հայի ու կարծես թե գտել եմ առավելագույն տարբերակը, որով այս պահին կարող եմ օգնել հայրենիքիս, այդ մասին կտեղեկացնեմ շուտով...»: