կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-26 10:17
Քաղաքական

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը հունվարի 27-ին կքննարկեն տրանսպորտային կապերը վերականգնելու հարցը. РБК

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը հունվարի 27-ին կքննարկեն տրանսպորտային կապերը վերականգնելու հարցը. РБК

Հունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նախատեսում են հանդիպել Մոսկվայում`քննարկելու Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի հարցը: Այս մասին ռուսական РБК-ին հայտնել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարություններում աղբյուրներ:

Բանակցություններին ռուսական կողմից կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից`Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից` Շահին Մուստաֆաևը:

Կողմերը պայմանավորվել են բանակցությունների նման ձևաչափ ստեղծել հունվարի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո երեք երկրների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին անձնական հանդիպման ժամանակ։ Ձևաչափի մասնակիցների հիմնական խնդիրն է պարզել, թե ինչ է պետք կառուցել կամ վերականգնել`տարածաշրջանում տրանսպորտային կապերն ամբողջությամբ «հալեցնելու» համար:

Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը: Ներկայումս Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի միայն օդային հաղորդակցություն: РБК-ին Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Բաքուն կցանկանար հասնել այնտեղ նաև ավտոմայրուղու կառուցմանը:

Բացի այդ՝ փոխվարչապետերը կքննարկեն Նախիջևանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը:

Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում կառուցել երկաթուղու մի հատված: Դեկտեմբերի վերջին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրին պետք է առավելագույնը երկու տարի՝ Հորադիզից դեպի Զանգելան՝ Հայաստանի հետ սահման, երկաթգիծ կառուցելու համար: