կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 16:33
Տնտեսական

Հայաստանն ու Ռուսաստանը սերտացնում են կապերը թվայնացման, կիբեռանվտանգության, կապի ոլորտներում

Հայաստանն ու Ռուսաստանը սերտացնում են կապերը թվայնացման, կիբեռանվտանգության, կապի ոլորտներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 2-ին Երևանում հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և  զանգվածային հաղորդակցության  նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակներում թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության և կապի ոլորտներին առնչվող հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու հետագա համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով, ինչպես նաև մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափով հնարավոր փոխգործակցության վերաբերյալ։

Համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու կապերը երկու գերատեսչությունների և երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև՝ պատվիրակությունների փոխանակման, պարբերական հանդիպումների, ֆորումներին և միջոցառումներին համատեղ մասնակցության միջոցով։

Հանդիպման ավարտին նախարարությունների ներկայացուցիչները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը,  Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոյանը։