Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամ»-ը գրում է․ Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ամիսներ առաջ անդրադառնալով Կառավարությանը փոխանցված միջոցներին, հորդորել էր սպասել Ֆինանսների նախարարության հաշվետվությանը, ապա վստահեցրել՝ Կառավարության բոլոր ծախսերը հիմնադրամի հետ համաձայնեցված են, իսկ նպատակն ընդհանուր է՝ օգնել պատերազմից տուժածներին՝ տեղահանվածներին, Արցախ վերադարձողներին, վիրավոր զինվորներին։
«Մենք փորձելու ենք դա անել որքան հնարավոր է արագ, որպեսզի որևէ կասկածի տեղիք ուղղակի չտանք։ Հիմնադրամի՝ պետությանը տված աջակցության շնորհիվ, ինչպես ես հասկանում եմ, պետական բյուջեում հնարավոր է եղել անել տեղաբաշխումներ։ Եվ մեր հայրենակիցներն օգնել են պահել սոցիալական և առողջապահական համակարգերը, որոնք այդքան կարևոր գործունեություն էին ծավալում հենց պատերազմի ժամանակ»,- նշել էր Արշամյանը։
52 միլիարդ 703 միլիոն դրամի ոդիսականը, սակայն, այսքանով չավարտվեց. «Requiem / 6. ՓՈՂԵՐ» տեսանյութում Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադառնալով այս գումարին՝ նշել էր, որ վարչապետը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով։
«9 որոշումներից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին»,- հավելել էր Մինասյանը, ապա նաև ասել, որ 9 որոշումներից 7-ի բնօրինակները կորել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ և գտնվում են Հայկակ Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը:
Սա էլ դեռ վերջը չէ. ըստ որոշ տեղեկությունների՝ հիշյալ գումարի մի մասը, որը եղել է ԱՄՆ դոլարով, ծառայել է արտարժույթի փոխարժեքի կայունացման նպատակին:
Նկատենք՝ ամիսներ շարունակ Հայաստանում դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելիության սահմաններում պահելու համար Կենտրոնական Բանկն ակտիվորեն ինտերվենցիաներ է իրականացնում դրամի փոխարժեքը պահելու համար՝ վաճառելով արժույթը պահուստներից:
Այսպիսով, ըստ լուրերի, հիմնադրամի միջոցներով «ինտերվենցիաները» կազմել են շուրջ 50 մլն դոլար:
Հավելենք, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 մլրդ 700 մլն դրամ կամ 107 միլիոն դոլար էր տվել կառավարությանը, Սփյուռքի տարբեր շրջանակներ բարձրաձայնեցին հիմնադրամի գործունեության հանդեպ իրենց անվստահությունը: Պարզվում է, սակայն, այդ գումարն օգտագործվել է ոչ միայն պետբյուջեի ճեղքերը լցնելու համար, այլև՝ կառավարությանը մերձ բանկերով դրանից 50 միլիոն դոլարը ներարկվել է վալյուտային շուկա՝ դրամի փոխարժեքը պահպանելու համար: Առաջացած միջոցներն էլ վերադարձվել են պետբյուջե և Կենտրոնական բանկ՝ միանգամից լուծելով երկու հարց: