կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 10:45
Առանց Կատեգորիա

Պետությունը պետք է գերիների թիվ հրապարակի, որ ամեն կյանքի համար պատասխանատվությունը մնա Ադրբեջանի վրա․ Արման Թաթոյան․ «Հրապարակ»

Պետությունը պետք է գերիների թիվ հրապարակի, որ ամեն կյանքի համար պատասխանատվությունը մնա Ադրբեջանի վրա․ Արման Թաթոյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։
Ներկայացնում ենք հարցազրույցից հատված․

-Պարո՛ն Թաթոյան, ՄԻՊ գրա­սենյակն ինչպե՞ս է հավաքում ռազմագերիների, Ադրբեջանի կողմից պատերազմական հանցա­գործությունների վերաբերյալ տեղեկությունները, ի՞նչ աղբյուրնե­րից, հավաքագրումից հետո ո՞ւմ եք ուղարկում:

-Մեզ հասանելի բոլոր աղբյուրներից՝ կլինեն ներպետա­կան մարմինները, հրապարակա­յին աղբյուրները, մեր տղաների ազգականները, ընտանիքները և մեր մոնիթորինգի արդյունքները: Պետք է մի բան նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպա­նը քննչական գործառույթներով օժտված չէ, հետևաբար, ՀՀ ՄԻՊ-ը քրեական գործի քննություն անելու իրավունք չունի, դրա համար է, որ ՀՀ քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ, և մենք նաև շատ արդյունավետ համա­գործակցում ենք Քննչական կոմի­տեի մեր գործընկերների հետ, կարող եմ ասել՝ ամենօրյա ռեժիմով: Մեր արձանագրած տեղեկությունները՝ զեկույցների, փակ զեկույցների տեսք­ով, դրանից բացի, պատերազմական հանցագործությունների մասին տվյալները ամփոփված, ուղարկված են ընդհանուր իրավազորություն ունեցող տարբեր երկրներ՝ քրեա­կան հետապնդումներ նախաձեռնե­լու խնդրանքով, ուղարկվում են միջազգային կառույցներին, մեր Արտգործնախարարություն, մյուս մարմիններին և այլն:

 

-Ադրբեջանը մեր ռազմագերի­ների նկատմամբ քրեական գործեր է հարուցում, Հայաստանն ի՞նչ կա­րող է անել:

-Ադրբեջանի այդ քաղաքա­կանությունը, նման իրավական գործընթացներ նախաձեռնելը, քրեական գործ հարուցելը, ձերբա­կալելը, կալանավորելը և այլն, կոպտորեն հակասում են միջազգա­յին մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքներին: Ադրբեջանն ակնհայտորեն չարաշահում է իրավական գործընթացները, հարցը քաղաքականացնում է, արհեստականորեն ձգձգում է, սակայն ուզում է ցույց տալ, որ չկա արհեստական ձգձգում, քանի որ ինքն իբրև քրեա­կան վարույթ է նախաձեռնել: Դա ակնհայտ հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին նաև այն իմաստով, որ մեր տղաները, այդ թվում՜ 62+2 հոգին, Արցախում իրա­կանացրել են իրենց իսկական զինվո­րական ծառայությունը, կատարել են իրենց սահմանադրական պարտականությունը: Ադրբեջանցիներն ասում են, թե իբր թե, Հայաստանը նրանց ուղարկել է սպանություններ կատարելու համար՝ զինված ուժերի և քաղաքացիական անձանց նկատ­մամբ: Դա իրականության հետ բացարձակ որևէ առնչություն չունի, որովհետև նրանք այնտեղ են եղել որպես զորակոչված ծառայողներ՝ Հայաստանի զինված ուժերում ծա­ռայելու նպատակով, իսկ զինված ուժեր զորակոչված անձանց նկատ­մամբ միջազգային մարդասիրական իրավունքը տարածում է պարտադիր կանոններ, որ նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն, և նրանց նկատմամբ որևէ  քրեական գործ չի կարող հարուցվել:

-Կան պատգամավորներ, որոնք նշում են, թե գերիների թիվը հրա­պարակելով՝ նրանց վտանգի տակ կդնեն. Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

-Մենք մեր գործընկերների հետ շատ պատշաճ աշխատում ենք, շատ հարգանքով ենք վերաբերվում նրանց աշխատանքին, դա ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն է, ՊՆ-ն է, ԱԱԾ-ն է, Քննչական կոմիտեն և այլն: ՄԻՊ-ը, իհարկե, տիրապե­տում է այն թվին, որ, իմ կարծիքով, կան Ադրբեջանում գերության մեջ պահվող մարդիկ, բայց մեզ անհրա­ժեշտ է, և ես կարևոր եմ համարում, որ պետական իրավասու մարմինը դա հրապարակի, որ մենք դա օգտա­գործենք նաև հրապարակային նա­մակներում, որ այլ քննարկումներում մենք կարողանանք մեր ճնշումնե­րը մեծացնել: Առնվազն 2 տեսա­կի կատեգորիա կա՝ մեր գերիների թվի առումով, մեկն այն է, որ անվիճարկելի, օբյեկտիվ բնույթի ապա­ցույցներով հաստատված է, որ կան Ադրբեջանում: Ընդ որում, մենք հիմք չպետք է վերցնենք այն թիվը, որ ադրբեջանցիներն են հաստատել, այլ որ մենք տեսանյութով նայեցինք, տե­սանք, որ մեր տղան Ադրբեջանի վե­րահսկողության տակ է անցել, մենք դա պետք է չափանիշ ընդունենք: Սա մի կատեգորիա է: Այսինքն՝ ապացույցներով, տեսանյութերում երևացող, որ մարդիկ տեսնում և ճանաչում են: Երկրորդ կատեգորիա­յում մեր այն տղաներն են, որոնց վերաբերյալ, օրինակ, տեսանյութ չկա, այլ աղբյուրներից ենք տեղեկացել, կասկածում ենք և այլն: Այդ դեպքում մենք ազատություն ունենք ասելու, որ, օրինակ, առնվազն 200 հոգի կամ, պայմանականորեն, առնվազն 100 հոգի գերի կա: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է, որ մենք կարողա­նանք օբյեկտիվորեն ասել, որ մենք առնվազն այս թվով գերիներ ունենք այնտեղ: Մենք պետք է այս 2 կատե­գորիան զատենք իրարից: Խոսքը չի վերաբերում ցուցակներին, խոսքը վերաբերում է թվի հրապարակմա­նը: Պետությունը թիվը հրապարակելով՝ կկանխի նաև հնարավոր մանիպուլյացիան, այսօր մարդկանց մեջ շատ են, չէ՞, թվեր պտտվում, մեկն ասում է՝ 500, մյուսը՝ 700 և այլն, պետությունը սրան վերջ կդնի, կասի՝ ժողովուրդ ջան, ես պատշաճ աշխատում եմ, ահա՝ այսքան թիվ կա, և միջազգային հանրությանն էլ պետք է ասի՝ ես 2 կատեգորիա ունեմ, և քանի որ Ադրբեջանը մեզ անընդհատ խոչընդոտում է, ես տեսանյութերով և այլ ապացույցնե­րով այս թվով գերիների հարցում համոզված եմ, դա օբյեկտիվ ապա­ցույցներով է հաստատվում, բայց ես նաև շատ հիմքեր ունեմ ենթադրելու, որ, օրինակ, ևս առնվազն 50 հոգի ունեմ այնտեղ: Հասկանում եք՝ մենք այսպես պատասխանատվությունը նաև թողնում ենք Ադրբեջանի վրա, իսկ հիմա... մենք թվեր չենք հայտա­րարում, իսկ Ադրբեջանը... Ադրբեջա­նը նույնիսկ թիվ չի էլ հայտարարում, մեր 62+2 տղաներին ինքն ասում է «մի քանի տասնյակ», թիվ չի ասում, հասկանում եք՝ օգտվելով նաև այն առիթից, որ մենք էլ թիվ չենք ասում: Օրինակ՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոնկրետ թիվ եմ տվել: Թող հանկարծ շահարկում չանեն, թե մենք մեր գործընկերների հետ չենք կարողանում աշխատել կամ չենք կարողանում տվյալներ հավաքել: Հարցը հետևյալն է, որ իրավասու մարմինը թիվ հրապա­րակի, որ մենք ամեն կյանքի համար պատասխանատվությունը թողնենք Ադրբեջանի վրա։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: