կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-21 17:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 17 ուժերի ներսում որևէ տարաձայնություն չկա․ ԲՀԿ պատգամավոր

17  ուժերի ներսում որևէ տարաձայնություն չկա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ մեկնաբանելով լուրերը, իբր՝ ԲՀԿ-ն կարող է սատարել ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին։

«17 ուժերը հստակ իրենց հայտարարություններով հանդես են եկել այս տարվա սկզբին, որ սկսում են մարզային այցելություններ, որից հետո հետագա անելիքների մասին կրկին կհրապարակվի»,-ասաց նա

ԲՀԿ դիրքորոշման մասին նա ասաց, որ ԲՀԿ-ն խորհրդարանական երկրորդ խմբակցությունն է, և բնական է, որ նաև որպես խորհրդարանական ուժ՝ ԲՀԿ-ն իր գործունեությունը ծավալելու է խորհրդարանում և օգտագործելու է խորհրդարանական բոլոր գործիքակազմերը, որպեսզի հասնի այն նպատակին և այն պահանջին, որը հնչեցրել են։

«Իսկ այդ նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հրաժարական տա և հեռանա, որից հետո պետք է հնարավորություն տրվի ՀՀ-ին կայունացնել իրավիճակը և փորձել շտկել մեր կոտրված մեջքը»,-ասաց Շաքե Իսայանը։

Նրա  խոսքով՝ անընդունելի է, որ լրատվամիջոցները փորձում են սև կատուներ փնտրել։

«Եթե ԲՀԿ-ում օրակարգի որևէ փոփոխություն  լինի, մենք կաշկանդվածություն չունենք, շատ հստակ այդ մասին կիրազեկենք։ Մենք այս պահին էլ հստակ ասում ենք՝ որևէ պառակտում 17 ուժերի ներսում չկա։ Այն օրակարգը, որը հնչել է համատեղ, մենք բոլորս միասնական գնում ենք՝ հասնելու վերջնակետին»,- վստահեցրեց նա։

Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի մասնակցում մարզային այցելություններին՝ հարցին, Իսայանը պատասխանեց, որ գուցե իրենց ծանրաբեռնվածության հետ կապված իրենք անձամբ մասնակցություն  չեն ունեցել, բայց վստահեցրեց, որ իրենց մարզային, տարածքային ներկայացուցիչները Հայրենիքի փրկության շարժման բոլոր հանդիպումներին ներկա են լինում։

«Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանի հայտարարությանը Վազգեն Մանուկյանի վերաբերյալ, ապա ես կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ, այո՛, մեր կուսակցության դիրքորոշումը հետևյալն է՝ ՀՀ  քաղաքացիների հասցեին որևէ հանգամանքում չի կարելի որևէ վիրավորական արտահայտություն հնչեցնել»,-ասաց Շաքե Իսայանը։