Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախ այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյանն այցելեցին նաև Շուշիի շրջանի Եղցահող գյուղը:
Հիշեցնենք՝ Եղցահողը ևս, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի մյուս գյուղերի՝ Հին Շենի, Մեծ Շենի և Ծաղկաձորի (մինչ 1988 թ.՝ Տասը Վերստ) հետ, հետպատերազմյան շրջանում (դեկտեմբերի կեսերին) հայտնվել էր թշնամու թիրախում: Պատերազմի ընթացքում զավթելով Հադրութի շրջանը՝ թշնամին, ձգտելով իր վերահսկողության տակ վերցնել նաև Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող վերջին երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, դեկտեմբերի կեսերին ամրացել էր Բերդաձորի ենթաշրջանի բարձունքներում և շրջափակել Մեծ Շենից դեպի Հին Շեն տանող ճանապարհը։ Նպատակը, ըստ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի՝ Yerkir.am-ին տված մեկնաբանության, եղել է նաև Բերդաձորի հատվածից դեպի Հադրութի նշյալ գյուղեր հայկական ուժերի մուտքը կանխելը: Արդյունքում՝ վտանգվել էր նաև Եղցահող գյուղը:
Մայոր Պետրոսյանն ավելի քան 35 տարի աշխատել և 28 տարի տնօրինել է Եղցահողի դպրոցը
Ռուսական ուժերի միջամտությամբ և գյուղացիների անկոտրում կամքի շնորհիվ, բարեբախտաբար, թշնամին Բերդաձորի ենթաշրջանը չզավթեց. այսօր այն բեկորված Արցախի հայաշունչ անկյուններից մեկն է և ռուս խաղաղարար ուժերի հետ «հսկում է» Բերձոր-Շուշի ճանապարհահատվածը:
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Ի. Սաղաթելյանը հյուրերի հետ այցելեց նաև Եղցահողի Մայոր Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց, ուր այժմ սովորում է 9 աշակերտ (պատերազմից առաջ նրանց թիվը եղել է 22): Ուսուցիչների և Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանի հետ ՀԳՄ ներկայացուցիչը քննարկեց գյուղի անվտանգությանն ու հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը (ձախից՝ երկրորդը) գյուղի դպրոցում դիմավորել է հյուրերին
Շուշի-Բերձոր ճանապարհին Եղցահողի ցուցանակն է՝ Արցախի Հանրապետության պետական դրոշով զարդարված: Եվ չնայած ռուս խաղաղարարները Բերձոր-Շուշի ճանապարհին տեղակայված անցակետերում մեքենաներն ստուգելիս զգուշացնում են, որ դրոշներ և այլ ցուցադրական իրեր ճանապարհային միջանցքում չի կարելի ցուցադրել, այդուհանդերձ, Եղցահողի ցուցանակը, ներքին հատուկ լուսավորությամբ, երթևեկողներին ի ցույց է դնում, որ նաև Եղցահողից է սկսվելու Արցախի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացը:
Ի դեպ, 1989 թ. Եղցահող համայնքում ընկերների հետ մարտական հերթապահություն է իրականացրել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, որն այդ ժամանակ 21-ամյա երիտասարդ էր: Նա հուզմունքով է վերհիշում Եղցահողում անցկացրած օրերի ամեն մի դրվագը, մարտական ընկերներին, որոնցից շատերն ընկան հերոսաբար:
Լուսանկարում Եղցահողում մարտական հերթապահություն իրականացնող Դավիթ Իշխանյանն է՝ ընկերների հետ
Հաջորդ կանգառը թշնամուն հանձնված Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղն էր: Գյուղի ինքնապաշտպանության շտաբի վերածված գյուղապետարանում հյուրերին դիմավորեց գյուղապետ, դաշնակցական Անդրանիկ Չավուշյանը՝ ներկայացնելով գյուղում առկա իրադրությունը, ինչպես հուսադրող, այնպես էլ մտահոգիչ մի շարք իրողություններ:
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը ներկայացնում է վերջին իրադարձությունները
Հիշեցնենք՝ Գորիս-Բերձոր ճանապարհին հարող Աղավնո գյուղն այժմ մտնում է եռակողմ հայտարարությամբ ստեղծված Լաչինի՝ 5 կմ լայնությամբ միջանցքի մեջ: Չնայած գյուղից դուրս գալու մասին ռուսական հորդորներին և ադրբեջանական ոտնձգություններին, իսկ վերջին շրջանում նաև Սյունիքի իշխանական առանձին շրջանակների թալանչիական վարքագծին (վերջին այս խնդրին հարկ եղած պարագայում դեռ կանդրադառնանք)՝ Աղավնոն գյուղապետի հերոսական կեցվածքի շնորհիվ դեռևս շարունակում է դիմադրել, իսկ բնակիչները, թեև ոչ ինտենսիվորեն, այդուհանդերձ, վերադառնում են:
Աղավնոյի դպրոցը, դիմացը՝ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի մեքենան՝ ՀՅԴ զինանշանով
Անդրանիկ Չավուշյանն ու Աղավնոյի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը Իշխան Սաղաթելյանին ներկայացրին նաև դպրոցի առջև ծառացած խնդիրները: Շուրջ 50 աշակերտ ունեցող դպրոցում վերաբացման այս օրերին սովորում է 15-17 աշակերտ: Կախված անվտանգության ապահովումից ու գյուղի կարգավիճակի հստակեցումից՝ բնակիչները պատրաստ են վերադառնալ և վերստին շենացնել ռազմավարական նշանակություն ունեցող Աղավնոն:
Աղավնո գյուղի աշակերտները
Աղավնո գյուղը ևս, Եղցահողի նման, անթեղել է Արցախի պետականության արմատները, որտեղից ևս հորդելու է հայոց ազատատենչ ոգին:
Վահե Սարգսյան