Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայկական իրականության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը բխում է իշխանություն ձևավորած մարդկանցից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» համաժողովի ընթացքում։
Քննարկումների ժամանակ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի ներհասարակական գործընթացներին ու իրավիճակին․ «Սոցիալական ցանցերում ամենօրյա վիրավորանքն ու հայհոյանքը վկայում են, որ իշխանության վարքագիծը մանիպուլյացիայի միջոցով նոր թիրախներ ընտրելն է, որ հասարակությունը հանկարծ չհարցնի՝ մերժեցինք հինը, բայց նորը չկառուցեցինք»։
Նրա համոզմամբ՝ այդ հարցը չեն տալիս, որովհետև հանրությանը անընդհատ հրամցնում են նոր հակառակորդների, նոր թշնամիների։
«Ցավոք, անընդհատ փորձ է արվում մեր հասարակության մեջ ողջամիտ հատվածին անկյուն մղել՝ կեղծ թիրախներ ներկայացնելով։ Սա նաև Սփյուռքին է վերաբերում։ Այն սպասումները, որ կային և հիմնված էին հինը մերժելու և նորը կառուցելու սկզբունքի վրա, հիմա էլ են մանիպուլյացիայի ազդեցության տակ»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նկատել է, որ լծակներն օգտագործվում են հասարակությունը պառակտելու՝ «հեղափոխականներ-հակահեղափոխականներ», «սևեր-սպիտակներ» պիտակավորմներ տալու համար։
Սփյուռքը հայաստանյան իրադարձություններին հետևում է համացանցի միջոցով և, Մինասյանի դիտարկմամբ, ներկա իշխանությունները նրան էլ պահում են նույն վիճակում, իբր՝ մինչև 2018 թվականը Հայաստանում միայն հանցագործություններ են եղել, իսկ հետո մեր երկիրը հայտնվել է լուսաշող արևի տակ։
«Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ չենք հանգիստ նստում տեղներս. նրանք, ովքեր այս հարցադրումը կատարում են, հասկանում են, որ եթե լռելով՝ մեր համազգային նպատակներից թեկուզ մեկը կորցնենք, ուրեմն հանցագործություն կատարած կլինենք։ Իրավունք չունենք մի կողմ քաշվենք և թողնենք, որ իշխանությունն ամեն ինչ տապալի՝ ընտանեկան արժեքներից մինչև եկեղեցի»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանին մտահոգում է, որ ձևավորում է մի հասարակություն, որը պատրստ չէ ազգային նպատակների համար պայքարել։
«Սա Սպառնալիք է. իշխանության մեջ մենատիրության հաստատման առարկայական գործողություններ կան։ Դատարանների նվաճումը բացահայտում է մենիշխանության առկայությունը։ Դատավորներին պիտակավորելը, փողոցային արդարադատությունը, մարդկանց անազատության մեջ պահելը, նրանց թշնամի հայտատարելը, անմեղության կանխավարկածը ոտնանտակ տալը նշանակում է, որ մենք խոսում ենք բռնապետության մասին, մի հասարակության մասին, որտեղ ուրացումն ամենօրյա ապրելու ցանկություն է դարձել»,-ասաց նա։
Վերանում են այն արժեքները, որոնք մարդուն հպարտություն են ներշնչում՝ նկատում է Արծվիկ Մինասյանը․ «Մենք, իրականում, իրավական պետությունը մի կողմ ենք դրել, իշխանությունը հեռացել է ժողովրդավարական տարրական կանոններից, քաղաքական կուսակցությունները, որ պետք է երկրում հասարակության քաղաքական կամքը ձևավորեն։ Փոխարենը այսօր իշխանության ընդիմախոսողներին պիտակավորում են։ Առանց քաղաքական կուսակցությունների, գաղափարախոսություն չի կարող լինել»։
Բռնատիրության միջոցով իշխանություն պահել կամ պետականությունը կորցնել՝ ըստ Արծվիկ Մինասյանի, սա է իրականությունը․ «Իշխանությունների համար քաղաքական կուսակցություններն ավելին չեն, քան օտարածին նախագծերի մի մաս։ Լիարժեքորեն ձախողված կադրային քաղաքականության հետևանքը մեր սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքն է»։
Չենք կարող արձանագրել, որ ունենք մեր երկրի լավ տեսլական. ներդրողներին հեռացնում ենք մեզանից՝ ասաց Արծվիկ Մինասյանը։ Նրա համոզմմաբ՝ հասարակության մոտ պետք է արթնանա այն ճշմարտությունը, որ միայն հոսող ջուրը կարող է զուլալվել․ «Եթե չպայքարենք, ուղղակի մեր պետականութունը կկորցնենք»։