Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եղցահող գյուղը, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի մյուս գյուղերի՝ Հին Շենի, Մեծ Շենի և Ծաղկաձորի (մինչ 1988 թ.՝ Տասը Վերստ) հետ, հետպատերազմյան շրջանում (դեկտեմբերի կեսերին) հայտնվել էր թշնամու թիրախում: Պատերազմի ընթացքում զավթելով Հադրութի շրջանը՝ թշնամին, ձգտելով իր վերահսկողության տակ վերցնել նաև Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող վերջին երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, դեկտեմբերի կեսերին ամրացել էր Բերդաձորի ենթաշրջանի բարձունքներում և շրջափակել Մեծ Շենից դեպի Հին Շեն տանող ճանապարհը։ Նպատակը, ըստ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի՝ Yerkir.am-ին տված մեկնաբանության, եղել է նաև Բերդաձորի հատվածից դեպի Հադրութի նշյալ գյուղեր հայկական ուժերի մուտքը կանխելը: Արդյունքում՝ վտանգվել էր նաև Եղցահող գյուղը:
Ռուսական ուժերի միջամտությամբ և գյուղացիների անկոտրում կամքի շնորհիվ, բարեբախտաբար, Բերդաձորի ենթաշրջանը թշնամին չզավթեց. այսօր այն բեկորված Արցախի հայաշունչ անկյուններից մեկն է և ռուս խաղաղարար ուժերի հետ «հսկում է» Բերձոր-Շուշի ճանապարհահատվածը:
Բերդաձորի ենթաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղարար ուժերի հենակետ
Շուշի-Բերձոր ճանապարհին Եղցահողի ցուցանակն է՝ Արցախի Հանրապետության պետական դրոշով զարդարված: Եվ չնայած ռուս խաղաղարարները Բերձոր-Շուշի ճանապարհին տեղակայված անցակետերում մեքենաներն ստուգելիս զգուշացնում են, որ դրոշներ և այլ ցուցադրական իրեր ճանապարհային միջանցքում չի կարելի ցուցադրել, այդուհանդերձ, Եղցահողի ցուցանակը, ներքին հատուկ լուսավորությամբ, երթևեկողներին ի ցույց է դնում, որ նաև Եղցահողից է սկսվելու Արցախի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացը:
Ստորև ներկայացնում ենք Yerkir.am-ի ֆոտոռեպորտաժը Եղցահողի դպրոցից:
Փաստենք, որ Արցախի փոքր, հեռավոր ու լեռնային այս գյուղի դպրոցում, շնորհիվ գյուղի նվիրյալների, դրված է մեծ, շատ մեծ սիրտ ու հոգի: Եվ անհնար է պարզապես՝ սովորել այստեղ ու չդառնալ գյուղի, հայրենիքի նվիրյալ զինվորը: Անգամ մեկ շրջայցը բավական է՝ դա գիտակցելու համար: Գիտակցելու և խոնարհվելու Եղցահողի հերոսական ժողովրդի առջև:
Դպրոցի մասնաշենքը
Դպրոցը կրում է գյուղի նվիրյալ զավակ, մեծ մանկավարժ Մայոր Պետրոսյանի անունը
Եղցահողի Մայոր Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 9 աշակերտ (պատերազմից առաջ նրանց թիվը եղել է 22)
Մայոր Պետրոսյանն ավելի քան 35 տարի աշխատել և 28 տարի տնօրինել է Եղցահողի դպրոցը
Յուրաքանչյուր դասասենյակ կրում է գյուղի կողմից արժևորված որևէ գործչի անուն
Դպրոցի յուրաքանչյուր դասասենյակում առկա է որևէ ազատամարտիկի կամ գործչի նվիրված հուշանկյուն
Մնացած լուսանկարներն՝ առանց մեկնաբանության
Վահե Սարգսյան