Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանդիպման օրակարգում են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանն առնչվող հարցեր: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը ընդգծել է կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը:
Նախարար Այվազյանը, ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության կյանքի կոչման ընթացքը, առանձնահատուկ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք և անխափան հասցեագրման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի մասով:
ԱԳ նախարարը և դեսպանները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և արցախահայության կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այս առնչությամբ առանձնահատուկ կարևորվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ և դրա մասնագիտացված գործակալությունների՝ տեղում անխափան ներգրավվածությունը:
Նախարար Այվազյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապության վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: