|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Միլանում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա), Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնեցին շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Համանախագահ երկրները ողջունեցին սեպտեմբերին Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցին հաջորդած հրադադարի խախտումների և զոհերի զգալի նվազեցումը։ Նրանք կոչ արեցին կողմերին շարունակելու իրականացնել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ։ Համանախագահ երկրները հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կարող է վերսկսվել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ինտենսիվ նպատակաուղղված բարձր մակարդակի երկխոսությունը, որը կնպաստի հակամարտության արդար և տևական հանգուցալուծմանը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության խաղաղ կարգավորումը խթանելու և հետագա լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Այս նպատակով նրանք համաձայնեցին կրկին հանդիպել 2019թ. սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` դյուրացնելու բարձրաստիճան երկխոսությունը: Նրանք ընդգծեցին համանախագահ երկրների կողմից ցուցաբերվող ամուր ներգրավվածությունը և բարեխիղճ միջնորդության ջանքերի դրսևորումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: