Լուրեր են շրջանառվում, որ Սյունիքում, մասնավորապես՝ Կապան համայնքի սահմանամերձ բնակավայրերում լարված վիճակ է։
Կապանի որոշ հատվածներում սահմանապահ կամավորականներից վերցնում են զենքերն ու նրանց են վերադարձնում զինվորական գրքույկները՝ հորդորելով լքել մարտական դիրքերը՝ վերադառնալով իրենց բնակավայրերը։
Նշվում է նաև, որ կապանցի կամավորականները բանակցություններ են վարել ռուսական զինված ուժերի այն ներկայացուցիչների հետ, որոնք տեղակայված են Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանագծում։ Վերջիններիս խոսքով, ռուսները նախազգուշացրել են, որ ադրբեջանցիները մի քանի օրվա ընթացքում հարձակվելու են, ընդ որում, ռուս զինվորականները չեն խառնվելու, նրանց գործառույթների մեջ չէ մասնակցել ռազմական գործողություններին։ Դրանից զատ, նշվում է նաև, որ ՀՀ ղեկավարությունն ԱՄՆ դեսպանի հետ ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել, ինչն էլ հայտնի է դարձել ռուսական կողմին, և վերջինս որոշել է չխառնվել՝ թողնելով, որ Հայաստանի ղեկավարությունը միայնակ ուտի իր սարքած «ճաշը»։
168.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն այս լուրը չհաստատեց՝ նշելով, որ վիճակը լարված չէ, սակայն կա անհանգստություն։
«Ռուս խաղաղապահներն Արցախում են, Կապանի հետ կապ չունեն։ Դուք ասացիք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ բան են պայմանավորվել, դրա համար էլ ռուս խաղաղապահները հետ են գնում՝ հետաքրքիր բան ասացիք, առաջին անգամ եմ լսում։ Կապանում համեմատական առումով անհանգստացած վիճակ է, բազմիցս նշել եմ, որ մեր առաջնահերթ խնդիրն անվտանգության հարցի ապահովումն է, քանի դեռ դրա հետ կապված հստակություն չկա, բնականաբար, անհանգստացած վիճակ է։ Մենք ամեն ինչ սպասում ենք, որ Խծաբերդի, Հին Թաղերի դեպքը կկրկնվի նաև այստեղ, հիմա բանակցություններ են գնում, բայց ես անկեղծ այս իշխանություններից որևէ սպասելիք չունեմ։ Ինչ ասեմ՝ կապրենք՝ կտեսնենք, թե ինչ է լինելու, անհասկանալի իրավիճակի մեջ ենք հայտնվել, սա դառը իրականություն է, ո՞վ կպատկերացներ, որ թշնամին կգա մեր սահմաններին այսքան մոտ»,- եզրափակեց Գևորգ Փարսյանը։
Փորձեցինք հարցի առնչությամբ լսել է նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կարծիքը, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր։