կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-29 12:32
Քաղաքական

Այսքան ճղճիմություն, այսքան մանրություն... Հերմինե Նաղդալյանը խղճում է ՀՀԿ կանանց հագուկապը քննարկող տղամարդկանց

Այսքան ճղճիմություն, այսքան մանրություն... Հերմինե Նաղդալյանը խղճում է ՀՀԿ կանանց հագուկապը քննարկող տղամարդկանց

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը խղճում է այն տղամարդկանց, ովքեր որևէ անելիք և ասելիք այլևս չունեն իրենց կյանքում ու քաղաքականության մեջ և նրանց մնացել է միայն անդրադառնալ կանանց հագուկապին, արտաքին տեսքին:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ համագումարից հետո ՀՀԿ կանանց հասցեին հնչող քննադատություններին, նա վրդովված ասաց. «Սրանից տարիներ առաջ, այնուամենայնիվ, տղամարդիկ մի քիչ ավելի մեծ էին, այսքան ճղճիմություն, այսքան մանրություն... Ամոթ է: Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի»:

Պատասխանելով հարցին, թե գո՞հ է ՀՀԿ կանանց ելույթների բովանդակությունից, Նաղդալյանն ասաց. «Ես քաղաքական գործիչներին կամ կուսակցկականներին չեմ բաժանում կանանց կամ կուսակցականների: Այնտեղ ելույթ էին ունենում մեր կուսակցականները, և այդ կուսակցականներն ունեն բոլոր իրավունքներն ասելու այն, ինչ մտածում են, այն ինչի մասին անհանգստանում են: Այդպես վարվում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Նրանք խոսում են մեր հանրության ցավալի պրոբլեմներից և ցանկանում են ինչ-որ փոփոխություն մտցնել: Այդտեղ դժգոհ լինելու խնդիր չկա: Կարելի է ականջալուր լինել, կարելի է չլինել: Այ, էդպես մոտեցեք դրան»:

Yerkir.am-ը Նաղդալյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ չէ՝ ինչո՞վ է պայմանավորված իրենց կուսակիցների, օրինակ՝ Աշոտ Աղաբաբյանի, Մհեր Սեդրակյանի` խորհրդարան չգալը: ԱԺ փոխխոսնակին դուր չեկան այս հարցադրումները, շարունակ խուսափողական պատասխաններ տվեց, ապա հորդորեց նրանցից ճշտել՝ ինչու չեն գալիս խորհրդարան:

Մեր այն հարցին, թե, որպես ԱԺ փոխխոսնակ, չի՞ հետաքրքրվում՝ ինչո՞ւ իր կուսակիցը և ԱԺ պատգամավորը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, և արդյո՞ք տեղյակ չէ, որ Աշոտ Աղաբաբայանը շարունակում է «նեղացած» մնալ կուսակիցներից, Նաղդալյանը պատասխանեց, որ երբ նրանց հետ զրույցելու առիթ է ունենում, զրույցում է, իսկ հարցերը հորդորեց տալ հենց այդ պատգամավորներին: