Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անասելի մեծ ցավ եմ ապրում, երբ հնչում են հայտարարություններ այն մասին, թե Զանգեզուրը, Սևանը կամ Երևանը պատմական ադրբեջանական հողեր են և դրա վերաբերյալ ամենաբարձր մակարդակով չի հնչում արձագանք, իսկ, ասենք, կորցրած օծանելիքի կամ ժամացույցի վերաբերյալ հանդես է գալիս ստատուսով կամ լայվով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ ճեպազրույցների ընթացքում։
«Ալիևի և Էրդողանի հայտարարությունները լսելով՝ որպես հայ, որպես մարդ, ՀՀ քաղաքացի, ամոթի, ցավի, անզորության զգացողություն ունեցա։ Սակայն այդ հայտարարությունների ազդեցությունը ավելի շատ իր տհաճ հետքը թողեց այն ժամանակ, երբ Ռուսաստանի պաշտոնատար անձինք՝ Մարիա Զախարովան, այլ ներկայացուցիչներ ավելի շուտ արձագանքեցին մեզ համար այդ ստորացուցիչ հայտարարություններին, քան ՀՀ պատկան մարմինները։ Ես ցավում եմ, որ իսկապես ՀՀ կառավարությունից, վարչապետի մամուլի խոսնակից շուրջ 8 ժամ պահանջվեց, որ անբովանդակ արձագանքով հանդես գային և պատասխանեին Ալիևի և Էրդողանի հայտարարություններին»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ հասկանում է, որ ամեն անգամ ընդդիմության այս կամ այն ներկայացուցչի ելույթից կամ հանրահավաքից հետո, երբ վարչապետը աճապարում է մտնել լայվ և արձագանքել բոլոր հնարավոր թեզերին կամ մեղադրանքներին, հետպատերազմյան արդեն շուրջ մեկ ամսվա ընթացքում որևէ անգամ չի ունեցել այնքան համարձակություն, որ արձագանքի Ալիևի՝ մինչև այս պահը հնչած ստորացուցիչ հայտարարություններին, ինչպես նաև նախօրեին արված հայտարարություններին։
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Արման Աբովյանը, նշեց, որ երբ լինում են այդ կարգի հայտարարություններ, երբ հայտարարվում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը, առհասարակ, ամբողջ Հայաստանի Հանարպետության տարածքը թուրքական տարածք, և այդ ֆոնի վրա ասում են՝ դե գիտեք, գնանք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սա արդեն աննորմալության կանխավարկած է։
«Կա՛մ չեն հասկանում, կա՛մ հրաժարվում են հասկանալ, կա՛մ միտումնավոր ինչ-որ քայլեր են անում․ ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ դու կարաս հաստատես մի պետության հետ, որը բացահայտ տարածքային պրետենզիաներ ունի քո մայրաքաղաքի վրա»,-ասաց Արման Աբովյանը։
Նրա համար անհասկանալի է՝ ո՞նց կարելի է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, եթե Ադրբեջանը պայման է դնելու, որ ՀՀ իշխանությունները դե յուրե ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Առանց այդ նախապայմանի ձեր ուզածը պարզապես չի իրականանա, կարո՞ղ է՝ ինչ-որ բան եք պայմանավորվել։ Խայտառակ անգրագիտություն է»,-ասաց Արման Աբովյանը։