կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 22:00
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆինանսաարդյունաբերական խմբերով կապվել Սփյուռքի հետ․ Կարեն Ադոնցի՝ հայրենիքի տնտեսական փրկության ծրագիրը

Ծրագրի առանցքը ֆինանսաարդյունաբերական խմբերով կապվելն է Սփյուռքի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը, որն, իբրև մասնագետների խմբի ղեկավար, այս ծրագիրն սկսել էր կյանքի կոչել Վազգեն Սարգսյանի թիմում, սակայն հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններն ընդհատեցին աշխատանքը։

Այսօր տնտեսագետը արդիականացրել է ծրագիրը և պատրաստ է պատասխանատվություն ստանձնել դրա կյանքի կոչման համար։ Արդյունքում՝ մեր տնտեսությունը կարող է ֆինանսավորել մեր ռազմական ծախսերը և զենք արտադրել հետեւյալ ծավալներով․ 2021-2025թթ. – 7-10 մլրդ $, 2026-2030 թթ. – 15-20 մլրդ $, 2031-2035թթ. – 25-30 մլրդ $։

Ադրբեջանի նկատմամբ մեր տնտեսական պարիտետը կփոխվի հետեւյալ կերպ․

2019թ.-ին եղել է՝

Հայաստան (2019թ.), ՀՆԱ (նոմինալ) – 13, 7 մլրդ $,

Ադրբեջան (2019թ.), ՀՆԱ (նոմինալ) – 48 մլրդ $:

Կլինի՝

Հայաստան (2025թ.), ՀՆԱ (նոմինալ) – 40 մլրդ $,

Ադրբեջան (2025թ.), ՀՆԱ (նոմինալ) – 58 մլրդ $:

Հայաստան (2030թ.), ՀՆԱ (նոմինալ) – 100 մլրդ $,

Ադրբեջան (2030թ.), ՀՆԱ (նոմինալ) – 70 մլրդ $:

Հայաստան (2035թ.), ՀՆԱ (նոմինալ) – 250 մլրդ $։

Ադրբեջան (2035թ.), ՀՆԱ (նոմինալ) – 85 մլրդ $:

Կարեն Ադոնցը համոզված է, որ այս արդյունքին հասնելու համար թեկուզ հենց այսօր պետք է ստեղծենք «Ռազմատնտեսական կոմիտե» և անցնենք գործի։

Ծրագիրը 3 ուղղությունից է բաղկացած։

Առաջին ուղղությունը սպառողական ապրանքների հիման վրա ձևավորելն է ֆինանսաարդյունաբերական խմբեր։ Դրանք բաղկացած կլինեն, ասենք, յուրաքանչյուրը մոտ երեք տասնյակ տեղական լայն սպառման ապրանքներ արտադրող ընկերություններից ու ձեռնարկություններից, բանկից, տրանսպորտային ընկերությունից և այլն։

«Մեր խնդիրն է, որ շատ արագ՝ մոտ 4-5 ամսում, համալրենք այդ սպառողական ապրանքները, բարձրացնենք որակը, նախապատրաստենք այն տեսականին, որի հիման վրա Սփյուռքի մեր հայրենակիցները կկարողանան փոխարինել իրենց սպառման որոշակի մասը հայաստանյան ապրանքներով։  Դրա համար ներդրումներ են պետք մասնավոր-բանկային համակարգ մեխանիզմով՝ ստեղծելով կորպորատիվ բաց բաժնետիրական ընկերություններ։ Այդ շրջանառության մաքուր շահույթը պետք է գնա բաժնետոմսի վճարմանը, որովհետև բաժնետոմսի համար սփյուռքահայերը չեն վճարելու, դա լինելու է ապառիկ»,-բացատրեց Կարեն Ադոնցը։

Նրա խոսքով՝ գաղափարն այն է, որ որևէ մեկն այս ծրագրին օգնություն չտա։ Տնտեսագետը հանգանակության գաղափարին կատեգորիկ դեմ է։ Սփյուռքահայերը բաժնետեր են դառնալու և այդ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մտնելու են բորսա ու լինելու են շատ մրցունակ։ Նա նույնիսկ խոչընդոտ չի համարում հաղորդակցության ուղիների սահմանափակ լինելը, համոզված է, որ մենք հիմա ունենք բավարար ճանապարհներ այս մոդելը կյանքի կոչելու համար և սա չի թանկացնի ապրանքը։

Երկրորդ ուղղությունն այն է, որ Հայաստանում պետք է զարգանան բոլոր արտադրական ոլորտները։ Հետևաբար, մենք պետք է տեղական արտադրությունը մրցունակ դարձնենք։ Սահմանի վրա ԱԱՀ-ն՝ հումքի և մեքենասարքավորումների համար, պետք է բացառել, համաձայնեցրած մաքսատուրքերը պետք է հանել հումքի ու մեքենասարքավորումների համար։ Շատ կարևոր է պահեստային գործունեությամբ զբաղվող ընկերություններին, հումքի շուկա ձևավորող ընկերություններին, որոնք կարող են հումք ներմուծել, նրանց պարտադիր աջակցել։

Հետո մենք պետք է ազատենք արտադրական տարածքները, ձևավորենք արդյունաբերական գոտիներ, որտեղ հետագայում տեղակայվելու են մեր արտադրական ձեռնարկությունները, որովհետև դրանք լինելու են բազմաթիվ։

Երրորդ կարևոր ուղղությունը․ պետք է ընտրենք արտադրական այն ուղղությունները, որոնք մեզ հնարավորություն են տալու բարձրացնել մեր տեխնոլոգիական, արտադրական, մասնագիտական հնարավորությունները, մոտեցնել ռազմական ժամանակակից արտադրանք արտադրելու պահանջներին՝ էլեկտրոնիկան, նոր նյութերի արտադրությունը և այլն։

«Այդ ոլորտները հստակ պետք է առանձնացնենք, այդ ոլորտներում ներդրումները և գործունեություն ծավալելը պիտի 10 տարով ազատվի բոլոր հարկերից՝ բացի սոցիալական վճարները։ Այս դաշտը պիտի լինի ազատ, պետք է հրավիրենք լավագույն ընկերությունները, ասենք, էլեկտրատեխնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, նոր նյութերի արտադրության, որովհետև, օրինակ, այդ թռչող սարքերի մասին, որ խոսում ենք, դրանց համար մասնագետներ են պետք, տեխնոլոգիաներ են պետք, պիտի ունենանք դրա հիմքերը»,-բացատրեց Կարեն Ադոնցը։

Այս ուղղությունը հնարավորություն կտա արագ բարձրացնել մեր տեխնոլոգիական հնարավորությունները՝ վստահեցրեց տնտեսագետը։

Երեք բաղադրիչից բաղկացած այս մոդելի նման մեխանիզմ կիրառվել է Ճապոնիայում, Կարեն Ադոնցն առաջարկում է Հայաստանի համար հարմարեցված տարբերակը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․