կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 16:40
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակցիաները շարունակվելու են մինչև մեր երկրի դավաճան վարչապետը հեռանա․ ՀՅԴ անդամներ

Ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մեր երկրի դավաճան վարչապետը հեռանա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ապակենտրոն անհնազանդության ակցիաների ժամանակ, որոնք մեկնարկել են այսօր ժամը 12։00-ից՝ այն վերջնաժամկետից հետո մինչև երբ Փաշինյանը պետք է հրաժարական տար։

Հեռանալու մտադրություն Փաշինյանի օրակարգում չկա՝ դիտարկմանը, Տարոն Ղազարյանը պատասխանեց․ «Չկա, կպարտադրենք»։

Փաշինյանի օրակարգը ժողովրդի օրակարգն է, իսկ ժողովրդի օրակարգում Նիկոլ Փաշինյանի՝ օր առաջ հեռանալու հարցն է՝ նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը։

Նա նշեց, որ Փաշինյանի հեռացման պահանջին միացել են Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, Արամ Առաջին կաթողիկոսը, ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է Փաշինյանին խորհուրդ տվել հեռանալ, գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները, գիտակրթական հաստատությունները։

«Փաշինյանի՝ այս աթոռին կպած մնալը ավելի է բորբոքում ժողովրդին և հանում փողոց»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։

Նա նշեց, որ ակցիայի մասնակիցները պահանջում ենք անհապաղ հրաժարական տալ և հեռանալ՝ թողել կառուցելու, շենացնելու այս երկիրը, փրկելու այն, ինչ դեռևս պահպանվել է։

«Այլապես, նրա կառավարմամբ, վստահ ենք, որ գնում ենք դեպի կործանում, դեպի մութ սենյակ, որտեղ հայտնի չէ, թե էլ ինչ է մեզ սպասվում»,-ասաց նա։

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահն արձանագրեց, որ շատ բիրտ ձևով այսօր ակցիաների մասնակիցներին տարել են բաժիններ և առաջին տարվածներն արդեն բաժիններից դուրս են գալիս և միանում ակցիային։

Նրանցից մեկը՝ Գոռ Սարգսյանը, նշեց, որ ոստիկանները եկել են, ներակայացրել իրենց օրինական պահանջը, իրենք ենթարկվել են օրիանական պահանջին, դուրս եկել մայթ, բայց մայթից մոտ 20 ոստիկան իրեն տարել է․ «Բաժնում չգիտեին՝ ինչի համար էին բերել»։

Երթով շարժվող ցուցարարներին ուղեկցում էին ոստիկանների մեծ խմբեր։ «Այնքան կքայլենք, մինչև ոստիկաններն էլ կհոգնեն, կգնան իրենց գործերին»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։

Նշենք, որ ապակենտրոնացված բողոքի ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունով մեկ, քանի որ Հայրենիքի փրկության շարժումը մինչև այսօր՝ ժամը 12։00-ն Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր տվել՝ հրաժարական տալու համար, ժամկետն ավարտվել է, բայց Փաշինյանը հրաժարական չի տվել։