Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կրքերը, կարծես, հանդարտվել են։ Նոր ռեկտորի՝ Լիլիթ Արզումանյանի հրաժարականը պահանջող ուսանողներն այլևս չեն դժգոհում, բողոքի ցույցեր չեն կազմակերպում։ Տպավորություն է, թե նրանք համակերպվել են եղելության հետ ու «հանգիստ նստել տեղները»։ Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։
- Թատերականում կրքերը, կարծես, հանդարտվել են, ի՞նչ է կատարվում ինստիտուտում։
- Այս պահին դրությամբ կրքերը հանդարտվել են, այո, ու որքանով հասկանում եմ, ժամանակ է տրվել ուսանողների կարծիքը լսելու, կոնսենսուսի գալու, անհամաձայնությունները, բոլոր սուր հարցերին անդրադառնալու, հարցերը շտկելու համար։ Ես կարծում եմ, որ լավ կլինի։
- Այսինքն՝ Արզումանյանը կշարունակի՞ պաշտոնավարել։
- Չեմ կարող ենթադրություններ անել, որովհետև կարծում եմ, որ թատերականում պետք է այնպիսի մթնոլորտ լինի, որ այնտեղից իսկապես կայացած դերասաններ դուրս գան։ Ուզում եմ ասել՝ ինձ համար սկզբունքային չէ, թե ով պետք է լինի ռեկտոր։ Ես` որպես խորհրդի անդամ, պարտավոր եմ ամեն ինչ անել, որ ապահովվի առաջող մթնոլորտը։ Եթե տիկին Արզումանյանը կարողանա ապահովել պահանջվող մթնոլորտը, կերտել միջավայրը, իհարկե, պետք է աջակցել նրան։ Եթե պարզվի, որ նա չի կարող ապահովել, կարիք չի լինի նրան ստիպել, որ հեռանա։
- Ինստիտուտի ուսանողների ու նախարարի հանդիպումից հետո ուսանողների ցասումը մարեց։ Հնարավո՞ր է՝ նախարարն ինչ-որ բան էր ասել ուսանողների ականջներին, ու նրանք հետ էին քաշվել հիմնական պահանջից։
- Ես բացառում եմ նախարարի՝ ականջներին բան շշնջալը։ Բացառում եմ, որ նախարարը, նախարարության որևէ աշխատակից, խորհրդի որևէ անդամ ուսանողներին կարող է ինչ-որ բան պարտադրել, անկեղծորեն բացառում եմ։ Ուսանողները քանի որ շատ խելացի են, ու նրանց պահանջների որոշ մասն արդարացի է, պետք է գալ ընդհանուր կոնսենսուսի, պետք է գալ համերաշխության։ Հավանաբար` նախարարն ուղղակի խոսել է, քննարկել է, ուսանողներն էլ փաստարկված բաներ են բերել, ինչ-որ իրենց զայրացնում է։ Կարծում եմ՝ նախարարը ձեռնամուխ է եղել դա հարթելուն, ուսանողների արդարացի պահանջը լսելուն։ Ուսանողների պահանջների մի մասն արդարացի էր, որ կարելի էր քննարկել, մյուս մասը ծայրահեղ էր։ Զիջման, քննարկման ու համագործակցության պայմաններում պետք է ընդհանուր լեզու գտնել։ Եթե անգամ աչքովս տեսնեմ, չեմ հավատա, որ նախարարն ականջներին ինչ-որ բան է շշնջացել, դրանից հետո գնացել են զիջման։ Վստահ եմ՝ եթե ուսանողների պահանջները չարդարացան, նրանք նույն ակցիաները շարունակելու են։ Նրանց պահանջը Արզումանյանի` ստեղծագործ անհատ չլինելուն էր վերաբերում, որ գիտական աշխարհից է եկել ինստիտուտ, իսկ այնտեղ դերասաններ են ձևավորվում։ Իրար հարմարվելու խնդիր կար, որը լուծելի խնդիր է։