կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-24 10:27
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ն կշարունակի աշխատել․ նիստեր չգումարելու՝ Էդմոն Մարուքյանի առաջարկը չընդունվեց

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց քվորում չապահովել և ԱԺ նիստեր չգումարել մինչև արտակարգ դրության ավարտը, իսկ խորհրդարան գալ միայն Խորհրդի անդամներով՝ հայտնում է Yerkir.am-ը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հակադարձեց, որ կյանքը կանգ առնել չի կարող, օրենքը և Սահմանդրությունը պատգամավորներին պարտադրում են 24-ժամյա ռեժիմով աշխատանք։

Նա նշեց, որ արտակարգ դրությունը ԱԺ գործունեության վրա չի ծավալվում, եթե ԼՀԿ խմբակցությունն օրենսդրական այդպիսի նախաձեռնությամբ հանդես գա, պարտավոր են քննարկել, բայց իր անձնական համոզումն է, որ պետք է իրենց աշխատանքով օրինակ ծառայեն մյուսներին, մանավանդ հաշվի առնելով, որ հայտնի չէ՝ երբ կավարտվի արտակարգ դրությունը։

Մարուքյանն ասաց, որ օրեսդրական նախաձեռնության կարիք չկա, ինքն առաջարկում է քաղաքական պայմանվորվածության գալ՝ հավաքվել միայն արտակարգ դրության իրավիճակից բխող, տնտեսությունն ամրացնող կամ ռեժիմը խստացնող կամ թուլացնող հարցերի քննարկման համար․ «Այլպես մենք սոցիալական հեռավորություն չենք պահպանում և լավ օրինակ չենք ծառայում մեր քաղաքացիներին»։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը համաձայնեց ԱԺ նախագահի հետ․ «ԱԺ-ն պետք է գործի խորհրդարանական պետությունում, եթե ԱԺ-ն չգործեց դա այդ պետության վախճանն է»։

Նա ասաց, որ ժողովուրդը սպասում է իրենց որոշումներին և չեն կարող գնալ՝ իրենց տներում նստել․ ՑՊատկերացնո՞ւմ եք՝ անապահով ընտանիքի մասին մի որոշում պետք է արվի, որ երեխայի օգտին ալիմենտի հարց լուծվի ու մենք չենք քննարկում այդ հարցը»։

Իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախօրեին ԱԺ Խորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշել են, որ խմբակցությունների անդամները կարող են հերթափոխով աշխատանքի գալ, իսկ խոցելի խումբն ընդհանրապես չի գալիս, այնպես որ Էդմոն Մարուքյանը տեղյակ է այս կարգավորումներին։ 

Էդմոն Մարուքյանին հունից հանեց այս հիշեցումը և հայտարարեց, որ որոշ պատգամավորներ հարցը քաղաքականացնում են և ինքնահաստատվում իր հաշվին։

«Աստված չանի՝ այդ օրը ընկնեմ»,-պատասխանեց Մխիթար Հայրապետյանը։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ գործառույթը միայն օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելը չէ, կան նաև հայտարարությունների, կառավարության հետ հարցուպատասխանի և այլ ձևաչափեր, ինչը դադարեցնելն անթույլատրելի է։ 

ԱԺ-ն շարունակեց աշխատանքը բնականոն ռեժիմով։

Նշենք, որ հերթական քառօրյա նստաշրջանի օրակարգում 25 հարց է, որոնցից 14-ը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: Միակ նախագիծը, որը կարող է երկար քննարկվել, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթն է։

Մանրամասն՝ տեսանյութում․