կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 13:32
Աշխարհ

ՌԴ ՊՆ–ն խնդրել է արագացնել հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը

ՌԴ ՊՆ–ն խնդրել է արագացնել  հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խնդրել է հայրենական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին՝ արագացնել հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը. լրագրողներին հայտնել է «Ռոստեկ» պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

Գրեթե մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում ավարտվեց ռազմական բախումը, որի արդյունքում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ յոթ շրջան և չճանաչված ԼՂՀ-ի մի մասը անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների կարծիքով՝ Բաքվի ռազմական առավելություններից մեկը թուրքական և իսրայելական արտադրության Bayraktar և Harop անօդաչու թռչող սարքերի զանգվածային կիրառումն էր:

Ռուսական բանակն այսօր զինված չէ սերիական հարվածային անօդաչու թռչող սարքերով:

«...Այդ ուղղությամբ աշխատում են ոչ միայն «Ռոստեկ»ի ձեռնարկությունները, այլ նաև Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարանը և «Կրոնշտադտ» ընկերությունը: ...Այժմ պաշտպանության նախարարությունը խնդրում է հնարավորինս արագացնել այս նախագծերի բոլոր աշխատանքների ավարտը»,- ասել է Չեմեզովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ Ռուսաստանում կսկսվի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զանգվածային արտադրություն:

Խոսելով «Օխոտնիկ»–ի մասին՝ Չեմեզովը հիշել է, որ այս անօդաչուն արդեն փորձարկվել է հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի հետ համատեղ: «Ռոստեկ»-ի ղեկավարը նաև նշել է, որ «Կալաշնիկով» կոնցեռնի փոքր չափի անօդաչու թռչող սարքերն արդեն կիրառվում են Սիրիայում ռուսական զինուժի կողմից: