կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 16:52
Քաղաքական

Արման Թաթոյանն ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

Արման Թաթոյանն ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Դեկտեմբերի 3-ը  հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:

Հաշմանդամություն ունեցող անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են: Նրանց նկատմամբ հարգանքի, արժանապատիվ կյանքի և ներառական միջավայրի ապահովումը պետք է լինի մեր պետության գլխավոր առաջնահերթությունների թվում: Նրանց իրավունքների ապահովումը ոչ թե պետության կամ պաշտոնյայի բարեգթության դրսևորում է, այլ ուղիղ պարտավորություն: Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը և արժանապատիվ վերաբերմունքը պետք է լինի հանրության հետ պետության բոլոր հաղորդակցությունների հիմքում:

Պետք է հարգել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունն ու գնահատել նրանց ներուժը՝ անկախ նրանից երեխա է, երիտասարդ, թե տարեց։

Ցավոք, այս պատերազմն ավելացրեց մեր այն հայրենակիցների թիվը, ովքեր ստացել են հաշմանդամություն։ Դա էլ իր հերթին առավել արդիական դարձրեց նրանց կարիքների, այդ թվում՝ խնամքի ծառայությունների, սոցիալական աջակցության, հասարակություն վերաինտեգրվելու խնդիրների արագ արձագանքման ապահովման հրամայականը։

Մարդու իրավունքների պաշտպանը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի անկախ մարմնի կարգավիճակով շարունակելու է իր լիազորությունների գործադրումը՝ հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորման նպատակով»։