Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը չի առաջնորդվում Հայաստանի շահերով։ Նա բացառապես կապ չունի տնտեսական երևույթների և մեր երկրի տնտեսական զարգացման հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։
Էկոնոմիկայի նորանշանակ նախարարն «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում նշել էր, որ սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու՝ մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում. «Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար»,-ասել էր նախարարը։
Տնտեսագետը, անդրադառնալով այս հայտարարությանը, նկատեց՝ սա հերթական արդարացման ձախողված փորձն է։ Թադևոս Ավետիսյանի խոսքով նախարարը փորձում է արդարացնել խայտառակ պարտությունը, կապիտուլյացիան, հողերի հանձնումը թշնամուն. «Այդ հողերը դատարկ չէին։ Այնտեղ բնակվում էին մարդիկ, որոնք տնտեսական գործունեություն էին իրականացնում՝ գյուղատնտեսությունից սկսած մինչև ամենափոքր տարբեր բիզնես։ Տասնամյակների ստեղծած տնտեսական ներուժը հանձնեցինք թշնամուն։ Այսպիսի պարագայում նախարարը թերևս պարզ պատմական տեղեկատվություն չունի և չգիտի, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ թե տնտեսական խնդիրներ ունի մեր հետ, որը նախարարը եկել է լուծելու, այլ թշնամին դարեր շարունակ ուղղակի ուզում է բնաջնջել մեզ։ Անցած երկու ամիսներին էլ երևի զբաղված էր իր բիզնեսով և տեղյակ չի պատերազմական գործողությունների ընթացքում այդ երկու պետությունների կողմից անմարդկային դրսևորումներին»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ նման իրավիճակում խոսել, մտածել կամ նույնիսկ երազել այդպիսի հեռանկարի մասին ոչ միայն տրամաբանական չէ, այլ նաև վտանգավոր է։
Տնտեսագետը նկատեց՝ նորանշանակ նախարարը փոխանակ խոսի մեր ռազմավարական գործընկերների հետ առկա տնտեսական ներուժը զարգացնելու մասին, փաստացի գնում է արդեն բացահայտված և բոլորի համար պարզ արդարացման ու պոպուլիզմի ճանապարհով։
Ընդ որում նախարարը հակասում է կառավարության պատերազմի օրերին ընդունված այն նախաձեռնությանը, որով հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը. «Այսպիսի խճճված, փնթի վիճակը, որը տիրում է այսօրվա իշխանությունների գործողություններում, դարձել է մեր գոյատևման հիմնական մարտահրավերներից մեկը»,-ասաց տնտեսագետը։
Նշենք, որ այսօր նախարարի այդ հայտարարությանն էր անդրադարձել նաև «Իմ քայլ»-ի պատգամավոր Հայկ Գևորգյանը, ով ասել էր. «Եթե մեր ապրանքը կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բան տեսնու՞մ եք»։
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ սա Հայկ Գևորգյանի հերթական մանիպուլյացիան է. «Նա միշտ էլ հայտնի է եղել պոպուլիզմով և մանիպուլյացիաներով։ Եթե թողնենք աշխարհաքաղաքական, քաղաքական հարցերը և տնտեսագիտական իմաստով դիտարկենք, ապա առնվազն գյուղատնտեսության ոլորտում, վերամշակող արդյունաբերության ոլորտում և այլ ոլորտներում Ադրբեջանն ունի էական առավելություններ։ Նման պարագայում ո՞նց է պատեկարցնում, որ նույնիսկ բարեխիղճ մրցակցության դեպքում, նրանք ուղղակի կհեղեղեն մեր շուկան գյուղատնտեսական մթերքներով և դուրս կմղեն առաջին փորձերն անող այդ ջերմոցային տնտեսություններին, որովհետև գազն էապես թանկ է Հայաստանում, որովհետև էներգետիկ ռեսուրսներն էապես թանկ են, քան Ադրբեջանում»,-նշեց Թադևոս Ավետիսյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք նորանշանակ նախարարը տիրապետում է ստեղծված տնտեսական իրավիճակին, տնտեսագետն ընդգծեց, որ նա չի եկել կառավարելու և թե՛ նա, թե՛ իշխանական թիմը, գիտակցում են, որ իրենց հաշված օրեր են մնացել. «Վարչապետը նախրի մեջ ևս մեկ անգամ էշի ճակատը պաչեց։ Եթե նայենք նրա կենսագրությունը, այնտեղ որևէ կերպ պետական կառավարման փորձ նշված չէ, ոչ էլ տնտեսագիտության մեջ ինչ-որ արդյունքներ կամ գիտական գործունեություն կտեսնենք։ Ընդամենը կտեսնենք մասնավոր հատվածում մի ամբողջ առևտրային ցանցի ձախողված կառավարում, սնանկացում։ Բազմաթիվ մատակարարներ մինչ այժմ դրա հետևանքով իրենց պայմանագրային գումարները, որոնք պետք է ստանային, չեն ստացել և գտնվում են տարբեր փուլերում, դատական քաշքշուկներում։ Այսինքն այդ մարդը նույնիսկ մի կազմակերպություն չի կարողացել ղեկավարել, հիմա նրան հանձնարարել են մեր ողջ տնտեսությունը, այսինքն 45 հազար տնտեսվարողների գործունեություն պետք է պետական կարգավորման ենթարկի։ Անիմաստ է սա որևէ կերպ մեկնաբանել, թե ինչ ձևով կարող է նա այդ լուծումները տալ»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ ձախողված ղեկավարն ամենաձախողվածներին է բերում տարբեր ոլորտներում հանրության մեջ նոր սպասելիքներ առաջացնելու համար։