Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չեմ ուզում պարտված կառավարություն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։
«Այն կառավարությունը, որ ստորագրել է կապիտուլյացիոն թղթի տակ, չեմ ուզում լինի իմ երկրի ղեկավարը, չեմ ուզում ունենալ պարտված ղեկավար, և սա իմ՝ որպես ՀՀ քաղաքացու դիրքորոշումն է»,- ասաց երգիչն ու պնդեց, որ այս կառավարությունն իրեն սպառել է.․ «Այս կառավարությունն ինձ համար չկա, զրո է, չեմ ուզում պարտված ղեկավար ունենալ, չեմ ուզում, արա՛, թողե՛ք, գնացե՛ք»։
Մեր դիտարկմանը, թե՝ 2,5 տարի առաջ էլ նախկիններին մերժեցիք՝ փողոց դուրս գալով, Արամոն արձագանքեց․ «Այո, ես սխալ արեցի, որ 2․5 տարի առաջ հայտնվեցի այնտեղ, որտեղ պետք չէր, ցավում եմ։ Բայց ինձ համար իմ հայրենիքն ամենաբարձր կետում է»։
Դիտարկմանը՝ փաստորեն, արդյունքում ավելի թանկ ենք վճարում, նա պատասխանեց. «Դուք մի քիչ մեղմ եք ասում, թե թանկ ենք վճարել։ Մի գրչի հարվածով պայմանավորվեցին, ասում են՝ 4700 զոհ, էլ չեմ ասում վիրավոր զինվորների մասին, բա դրանց պատասխանն ո՞վ է տալու»
Երգիչն առաջարկեց իմքայլականներին. «Մի օր առավոտյան թող «իրենց քայլով» գնան Եռաբլուր, գլուխ խոնարհեն Արցախյան առաջին պատերազմի, Մոնթեի, Ապրիլյան քառօրյայի զոհերի առաջ ու լռեն: Ինչ լավ է, որ զոհված տղաները չեն տեսել, որ հողերը հանձնվեցին․․․»։
Ամուսնուն հավելելով՝ երգչուհի Էմմա Պետրոսյանն ասաց, որ բոլորս կորսված վիճակում ենք։ «Մեզնից որեւէ մեկը չի հասկանում, թե ինչպե՞ս կատարվեց, ի՞նչ սյուժեով զարգացավ այս ամենը: Ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի՛ ժողովուրդ, և շատ կարճ ժամանակ հետո այսպես վարվել նրա հետ։ Ուզում եմ հասկանալ՝ ազնվություն, հայրենիք, ժողովուրդ՝ նման մտքեր ասող մարդն ինչպե՞ս կարող էր այսպես վարվել։ Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց սա դուրս է բոլոր տեսակի հասկացվածությունից»,- նշեց նա։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լիլիթ Եղիազարյան