կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 14:01
Քաղաքական

Էականորեն ավելացել են ՀՀ տարածք զենք-զինամթերքի տեղափոխման, հանցավոր նպատակներով օգտագործման ռիսկերը․ դատախազություն

Էականորեն ավելացել են ՀՀ տարածք զենք-զինամթերքի տեղափոխման, հանցավոր նպատակներով օգտագործման ռիսկերը․ դատախազություն

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Դրա մասին են վկայում արդեն իսկ բացահայտված հանցավոր դեպքերը, հարուցված բազմաթիվ քրեական գործերը: Այս մասին հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ ռիսկերն էլ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում:

Իսկ ռազմական դրության պայմաններում զանգվածային անկարգությունները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքների կազմակերպումը՝ հաճախ միաժամանակ հակընդդեմ տարբեր շրջանակների կողմից անցկացվելով, դրանց ընթացքում արվող առանձին հայտարարություններում դրսևորվող ագրեսիան, ատելության խոսքը լուրջ նախադրյալներ են ստեղծել նման ապակայունացման համար:

Վերոնշյալ իրողություններն իրենց ընդհանրության մեջ հանրապետությունում զգալիորեն ավելացրել են հանցածին ռիսկերի, հասարակական անվտանգության և իրավակարգի սպառնալիքները՝ բազմապատկելով հանցագործությունների կանխարգելմանը, հանցավոր դրսևորումների բացահայտմանը և իրավական ներգործության միջոցների կիրառմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերը: Վերջիններս այս օրերին գործում են ուժերի գերլարումով՝ խնդիր ունենալով մի կողմից ապահովելու քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հասարակական կյանքի բնականոն կենսագործունեությունը, մյուս կողմից՝ վերահսկելու օպերատիվ իրավիճակը՝ պետական անվտանգության համատեքստում:

Համանման իրավիճակում հատկապես նախապատրաստվող ծանր, առանձնապես ծանր՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասին ստացված օպերատիվ տվյալներն արագ արձագանքման, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում նախ կանխարգելման, ապա օբյեկտիվ ու արդյունավետ քննության անհրաժեշտություն են առաջացնում: Իրավապահ մարմինները վճռական են այդ գործում, ձեռնարկվել և ձեռնարկվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները հանրապետությունում իրավակարգն ապահովելու ուղղությամբ:

Այդպիսի անհրաժեշտությունը աներկբա պահանջում է քրեական հետապնդման համապատասխան մարմինների համագործակցված, քրեական վարույթի անխափան ու անխոչընդոտ ապահովման համար պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականություններից բխող գործառույթների օպերատիվ և արդյունավետ իրականացում:    

Մինչդեռ վերոնշյալ բնույթի առանձին գործերով ձերբակալությունների, կալանավորման միջնորդությունների քննարկման ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում երբեմն դրսևորվում է վարույթն իրականացնող մարմինների ներկայացրած հիմնավորումների, փաստարկների, ապացույցների ոչ պատշաճ գնահատման, դրանց նշանակության նսեմացման, իրավիճակին ոչ համարժեք վարքագծի դրսևորման անհիմն դիրքավորում, որն արտահայտվում է նաև դատավարական որոշումներով: Եվ չնայած այդ անհիմն և որոշ դեպքերում ապօրինի ոոշումներն իրավական ընթացակարգերով բողոքարկվում են վերադասության կարգով, կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում է նախաձեռնվում, սակայն ակնհայտ է, որ նման վերաբերմունքի պատճառով ոչ միայն խնդրահարույց են դառնում հանցագործությունների լիարժեք բացահայտման գործընթացները, այլ նաև շատ դեպքերում նոր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների ներդրած ջանքերը, իրականացրած տևական, ռեսուրսատար և բարեխիղճ աշխատանքը դառնում է անարդյունավետ:       

Համոզված լինելով, որ իրավունքի գերակայության, արդարադատության իրականացման բարձր առաքելությունն իրականացվում է ՀՀ սահմանադրությամբ և օրենքների անվերապահ կատարման, այլ ոչ թե դրա գիտակցմանն ուղղված (ընդ որում, հանրահայտ հիշատակումներով) գերատեսչական հրապարակային հայտարարություններով, որոնք այսպես թե այնպես ենթատեքստ են ստանում կոնկրետ իրավիճակում և կոնկրետ հանգամանքների լույսի ներքո՝ քրեական վարույթում պաշտոնեական պարտականություններ ունեցող բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում ղեկավարվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված՝ հանրային, պետական անվտանգության ապահովման պատասխանատվության, ծառայողական վեհ պարտքի բարձր գիտակցումով՝ ի շահ բացառապես Հայաստանի Հանրապետության: 

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներից ակնկալում ենք ողջախոհ և օրինապահ վարքագիծ՝ մեր երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելու, ռազմական դրության իրավիճակում օրհասական կարևորություն ունեցող արտաքին վտանգների, մարտահրավերների առջև հանրային խոցելիությունը բացառելու, այդ ուղղությամբ իրականացվող պետական բարդ ու դժվարին աշխատանքների արդյունավետությանը նպաստելու քաղաքացիական պետականամետ գիտակցմամբ: