կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 23:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ադրբեջանը չի կարողանում Արցախում ԺԵԿ-ի պետ նշանակել, ուրեմն Արցախի հարցը կա․ Իսկանդարյան

Եթե համոզվենք, որ Ադրբեջանը մեզ հետ ընդհանրապես չի խոսում, այդ ժամանակ կարելի է և ճանաչել ԼՂՀ անկախությունը, ի՞նչն է խնդիրը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հարցազրույցում ասել էր, որ ԼՂՀ չճանաչված լինելը անգամ ՀՀ կողմից` էական դեր ունեցավ վերջին արյունալի հակամարտության ժամանակ։ Նա հիշեցրել էր, որ ՌԴ-ն «չամաչեց ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը», նաև Ղրիմի միացմանն էր անդրադարձել։

Իսկանդարյանի մեկնաբանությամբ՝ Պուտինը չէր ակնարկում, որ Ռուսաստանի կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, այլ ասում էր, որ եթե Հայաստանն ինքը չի ճանաչում ԼՂՀ-ն, ապա ի՞նչ է պահանջում ուրիշներից, իսկ անկախություն ճանաչել-չճանաչելը որոշում է Հայաստանը, ոչ թե Պուտինը։

Արդյո՞ք հիմա ժամանակն է ՀՀ կողմից ԼՂՀ-ն ճանաչելու համար՝ Իսկանդարյանը վերլուծում է իրավիճակը․ «ԼՂՀ չճանաչելը Մինսկի գործընթացի հենց սկզբից մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը ինչ-որ իմաստ ուներ։ Այդ իմաստը կարող էր սխալ լինել, մարդիկ կարող էին սխալված լինել, բայց դա ռացիոնալ ընդունված որոշում էր, դա Հայաստանի զիջումն էր Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը չէր համաձայնում նստել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի հետ։  Իսկ բանակցությունները ընկալվում էին որպես կարգավորման ձևաչափերից մեկը։ Այսինքն, չէինք խոսում կարգավիճակի մասին, որովհետև կարգավիճակը պետք է լիներ բանակցությունների վերջին կետը, ոչ թե սկզբի։ Հետևաբար, ե՞րբ է այս ամենը անիմաստ դառնում՝ երբ բանակցություններ չկան, կամ, օրինակ, երբ պատերազմ է ընթանում։ Այսինքն, երբ լրիվ անիմաստ է մտածել, որ հիմա հնարավոր է փոխզիջմամբ լուծել այդ խնդիրը։ Իսկ եթե դա հնարավոր չէ, բանակցություններ չես վարում, ապա ինչո՞ւ չճանաչել Արցախի Հանրապետությունը»։

ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կախված է նրանից՝ կլինի՞ արդյոք որևէ շանս այս հակամարտությունը կարգավորել բանակցային ճանապարհով՝ ասաց նա։ Եթե կլինի, ապա այդ ժամանակ հնարավոր է Ադրբեջանի հետ խոսել՝ համանախագահների միջոցով, թե այլ ձևաչափով, էական չէ, այն մասին, թե որն է լինելու Արցախի ճակատագիրը հետագայում։

Իսկ եթե մենք նայենք իրավիճակին և համոզվենք, որ բանակցություններ հնարավոր չէ վարել և երբեք հնարավոր չի լինի, քանի որ Ադրբեջանը մեզ հետ ընդհանրապես չի խոսում, այդ ժամանակ կարելի է և ճանաչել անկախությունը, ի՞նչն է խնդիրը՝ ասաց քաղաքագետը։

Խոսելով Ադրբեջանի նախագահի և ՌԴ-ում դեսպանի հայտարարությունների մաիսն, որ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, այդ հարցը լուծված է, Իսկանդարյանը հակադարձեց՝ նրանք երկուսն էլ բարձրագույն կրթությամբ մարդիկ են, հնարավոր է քաղաքագիտություն այնքան էլ լավ չեն անցել, բայց տրամաբանություն հո՞ անցել են, փիլիսոփայություն նույնիսկ խորհրդային ժամանակներում էին անցնում։

«Ի՞նչ է նշանակում՝ խնդիր չկա․ այն տարածքում, որը նրանք համարում են Ադրբեջան, ապրում են մարդիկ, որոնք իրենց չեն համարում Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք հռչակել են պետություն՝ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ, այդ պետությունը ճանաչված չէ Ադրբեջանի կողմից, բայց այդ մարդիկ չեն ենթարկվում Ադրբեջանի վարչակազմին և մտադիր չեն ենթարկվել։ Ենթարկվում են այլ վարչակազմի, որը Ադրբեջանը չի ճանաչում։

Այդ տարածքի շուրջ կանգնած են խաղաղապահներ։ Նույնիսկ տեսականորեն Ադրբեջանը երկու հնարավորություն ունի այդ «գոյություն չունեցող» հարցը լուծելու․ եթե գոյություն չունի, այդ դեպքում ամեն ինչ նորմալ է, շարունակեք ապրել, ինչպես ապրում եք, եթե կան այդ մարդիկ, Ադրբեջանը չի կարողանում այնտեղ ԺԵԿ-ի պետ նշանակել, միացնել կամ անջատել գազը կամ էլեկտրաէներգիան, կամ ոստիկան ուղարկել, ոչինչ չի կարողանում անել, ուրեմն պետք է կա՛մ այդ բոլոր մարդկանց սպանել կամ տարհանել, որ նրանք չլինեն, կա՛մ նրանց հետ պետք է խոսել, ես երրորդ տարբերակ չեմ կարող մտածել»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրանց սպանել Ադրբեջանը չի կարողանում, որովհետև այնտեղ ռուս խաղաղապահներ են կանգնած, իսկ խոսել նրանց հետ ադրբեջանցիները չեն ուզում։ Ուրեմն ինչպե՞ս թե խնդիր չկա։ Կա՛։

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուի հայտարարությանը, թե այդ մարդկանց Ադրբեջանի անձնագրեր են բաժանելու, Իսկանդարյանը պատասխանեց՝ դե թող գնան, այդ մարդկանց առաջարկեն Ադրբեջանի անձնագրեր և այդ մարդկանց հետ բանակցություններ վարեն և կտեսնենք՝ այդ մարդիկ կհամաձայնե՞ն, որ իրենց ադրբեջանական անձնագրեր տան, թե՞ ոչ։

Այսինքն, Արցախի վերջանական կարգավիճակի հարցը, նրա համոզմամբ, շարունակում է արդական մնալ, միայն թե ավելի փոքր տարածքի համար։

Արդյո՞ք հնարավոր է, որ հայկական զորքը դուրս չգա թղթով Ադրբեջանին փոխանցված տարածքներից և կարգավիճակն այդ մակերեսին վերաբերի, Իսկանդարյանն ասաց՝ բոլոր տարբերակները հնարավոր են։

«Այդ թուղթը հակամարտության կարգավորման մասին չէ ընդհանրապես, դա կրակի դադարեցման մասին է։ Այնտեղ ոչ մի խոսք չկա կարգավիճակի մասին, այնտեղ Ադրբեջանի կողմից կարգավիճակի երաշխավորման մասին էլ որևէ խոսք չկա։ Այդ թուղթն այն մասին է, որ դադարում է կրակը, դադարում է պատերազմը և երաշխիքը, որ այդ պատերազմը չի վերսկսվի այն է, որ ռուս խաղաղապահներն այնտեղ են առնվազն 5 տարի»,-ասաց նա։

Քաղաքագետի համար հասկանալի է, թե ինչու է այդ փաստաթուղթն այդքան հում վիճակում՝ ցայնոտի պայմաններում է գրվել։ Բացի այդ մի թղթի մեջ մտցնել և՛ հրադադարը, և՛ 30 տարի չկարգավորված հակամարտության կարգավորումը, անհնար է։

«Ենթադրվում է, որ հետագայում կլինեն դրա լուծման փորձեր։ Ես վստահ չեմ, որ դրանք արդյունավետ կլինեն, ես այս պահին չեմ տեսնում Ադրբեջանի համար որևէ մոտիվացիա, որ գնան կոմպրոմիսի՝ հիմա։ Նրանք առաջ էլ չէին ուզում, հիմա՝ ինչի՞ համար․ ուրեմն խնդիրը մնում է»,-ասաց նա։

Ալեքսանդր Իսկանդարյանի համար նաև պարզ է, որ Արցախում ռուսական զորքի վրա գրոհելը այնքան էլ օգտակար չէ առողջության համար՝ այդ թվում Ադրբեջանի համար․ դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։  

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․