Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի և Հայաստանի սահմանին լարվածության նվազման միտում է նկատվում, ավելին` Ադրբեջանից հնչում են փոքր-ինչ այլ տիպի հայտարարություններ, որոնց թվում` նաև համատեղ հայտարարություններ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին: Իհարկե, այլ հարց է, թե որքան կայուն է լարվածության նվազման միտումը: Այս մասին լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և որ գնում է նաև բանակցությունները վերակենդանացնելու գործընթաց:
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն այս պահին փորձում է 180 աստիճանով շրջել բանակցողի` իր իմիջը: «Մինչ այս Հայաստանը ներկայացվում էր որպես բավականին կառուցողական, որը պատրաստ է փոխզիջման, իսկ Ադրբեջանը միշտ հրաժարվել է և գործընթացը մտցրել փակուղի՝ Կազան, ապրիլյան պատերազմ: Հիմա ՀՀ-ում ռեժիմը փոխվել է, և Ադրբեջանը որոշել է ինչ-որ բան անել, փորձում է շրջել ստեղծված պատկերը՝ ցույց տալով, որ Ադրբեջանն է պատրաստ բանակցություններին, իսկ Հայաստանը կանգնեցնում է այն: Թե որքանո՞վ սա կհաջողվի Ադրբեջանին, կախված է ՀՀ դիվանագիտական կորպուսի արդյունավետ աշխատանքից, ինչպես նաև՝ երկրի ղեկավարներից, ավելին՝ իմիջային հարցերի ոլորտում պրոակտիվ քաղաքականությունից: Սա լուրջ և դժվար աշխատանք է: Եթե դա իրականացվի, գուցե հնարավոր լինի դիմակայել Ադրբեջանի այս քաղաքականությանը»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Արցախի տարբեր գործիչների հայտարարություններին` Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց՝ բնական է, որ այնտեղ մտահոգություններ կան, քանի որ տեխնիկապես Արցախը դուրս է կարգավորման գործընթացից, երկրորդ՝ Հայաստանի նախորդ իշխանությունների հետ ստեղծված հարաբերությունների մեխանիզմն է խախտվել, թեև այսօր էլ ԼՂՀ ղեկավարները տեղեկացվում են Արցախի հետ կապված հանդիպումների մասին:
«Բնական է, որ Արցախում կան որոշակի մտահոգություններ, որը հատուկ է Արցախի հանրային տրամադրություններին, որովհետև տեխնիկապես հեռու են գործընթացից, և այն, որ Վիտալի Բալասանյանը բարձրաձայնեց, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ այն խնդիրների վերհանում, որոնք առկա են Արցախում: Եվ այս ուղղությամբ պետք է աշխատել, մշտական փոխգործակցություն ապահովել՝ վերացնելու համար կասկածները: Մյուս կողմից՝ Երևանում և Ստեփանակերտում միշտ էլ տարբեր ընկալումներ են եղել, այն է՝ «ոչ մի թիզ հող» թեզը Ստեփանակերտում միշտ էլ մեյնսթրիմային է եղել, Երևանում այն համատարած այդպիսին դարձավ ապրիլյան պատերազմից հետո, մինչ այդ կային միայն որոշ մարգինալ գործիչներ, լրագրողներ, հիմա կրկնում եմ՝ հայաստանյան հանրային կարծիքում այս թեզը ևս մեյնսթրիմ է»,-ընդգծեց քաղաքագետը:
Չանտեսելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի զրույցները ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, ուստի հնարավոր չէ, որ Ջոն Բոլթոնի հետ զրույցում չշոշափվի Արցախի խնդիրը, երկրորդ՝ ՀՀ-ին և Ադրբեջանին ԱՄՆ-ի հետ կապում են նաև ՌԴ-ին ու Իրանին վերաբերող հարցերը: