Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռուսաստանում կառուցված հայկական եկեղեցու փաստին, նշեց, Սփյուռքում եկեղեցի կառուցելը լավ գործ է, սակայն, այնուամենայնիվ, այդ գումարները պետք է ներդրվեն այստեղ: Ըստ նրա` ճիշտ է, եկեղեցի կառուցելը շնորհակալ գործ է, սակայն մեր պետական օղակներն ու մեր պետականությունն ամրապնդելու փոխարեն Հայաստանում ու Ռուսատանում եկեղեցիներ ենք կառուցում:
«Պետք է համախմբվել ոչ թե եկեղեցու, այլ պետության շուրջը: Երկրից հեռացողն ասում է` անպայման վերադառնալու եմ, եւ շատերն ասում են, թե մարդկային հոսքը դուրս ժամանակավոր է, ոչինչ ժամանակավոր չէ: Սակայն մենք չենք էլ կարող գնացողներին մեղադրել, քանի որ մենք այստեղ չենք ստեղծում պետություն: Մեզ անհրաժեշտ է համախմբվել հայոց պետականության շուրջը, եւ ամենեւին էլ կապ չունի` դու որտեղ ես ապրում` ԱՄՆ-ում, Անգլիալում, թե` Մարսելում»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ յուրաքանչյուր հայի առաջին հերթին պետք է հուզի հարցը` ինչպե՞ս անել, որ Հայաստանը հզորանա եւ դառնա հավասար պետություն հզորների շարքում:
Ըստ Բաբայանի` յուրաքանչյուր հայ պետք է իրեն իր երկրի տերը զգա, եւ այդ դեպքում ոչ ոք չի լքի երկիրը: Բանախոսի համոզմամբ` մենք չենք հավատում մեր անկախությանը, եւ մեզ համար Անկախության տոնը տոն չէ. «Քսան տարիների ընթացքում մենք չստեղծեցինք անկախությունն անկախություն դարձնող ենթակառուցվածքներ` անկախ դատական համակարգ, ոստիկանություն, արհմիություն… Ավելին` այս ընթացքում մենք ամեն բան ավելի պրիմիտիվացրինք»:
Բաբայանի հետ համակարծիք չէ գրականագետ Վարդան Դեւրիկյանը, ըստ նրա` Ռուսաստանում հայկական եկեղեցու կառուցումը մեզ համար մեծ հաղթանակ էր. եկեղեցին հայկական ներկայության տեսանելի արձագանքը կարող է դառնալ:
«Եկեղեցին ապահովում է կենդանի կապը հայ կյանքի, համայնքի հետ: Եվ հետո` ո՞ր կառույցի շուրջ պետք է համախմբվի հայկական համայնքը դրսում` կուսակցությունների՞, որոնք միասնական չեն, իսկ մշակութային միություններ այդպես էլ չունեցանք դրսում: Միակ կառույցը, որի շուրջ կարող է համախմբվել Սփյուռքը, եկեղեցին է»,- ասաց Դեւրիկյանը:
Գրականագետը նշեց նաեւ, որ ինքը Ռուսաստանի ինքնակոչ պաշտպանը չէ, սակայն, պատմության նայելով, կարող ենք փաստել, որ հայկական համայնքը պահպանվել է միայն այն երկրներում, որոնք ՌԴ-ի ազդեցության տակ են եղել:
Ըստ նրա` մենք, հսկայական հաղթանակը չտեսնելով, այն է` եկեղեցու կառուցման փաստը, չարախնդում ենք, թե ՌԴ նախագահը չի գնացել բացմանը. «Իսկ մյուս երկրներում, երբ հայկական եկեղեցի է բացվում, տեղի նախագահներն այցելո՞ւմ են դրա բացմանը: Պետք է ողջամիտ լինենք եւ անկեղծ ասենք, թե արդյո՞ք աշխարհում բոլորը հայերի անունով են երդվում»:
Դեւրիկյանը համարում է, որ չպետք է պարզունակ կերպով ներկայացնել երկրի անկախության պատմությունը. «Ես իմ կյանքի լավագույն տարիները նվիրել եմ Հայաստանի անկախության կայացմանը, եւ եթե պետք է, մյուս կեսն էլ կնվիրեմ: Անկախությունն է մեր ժողովրդի համար, ոչ թե ժողովուրդը` անկախության»:
Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մտադրությանը` Դեւրիկյանը նշեց, որ եթե ինչ-որ մեկն այդ պայմանագիրը կասկածի տակ է դնում, ապա նախ պետք է պատասխանի հարցին, թե ինքը պատրա՞ստ է գնալ եւ մեր սահմանին կանգնել. «Այդ պայմանագրի դրական կողմերին չհավատալն ուղղակի անբարոյականություն է»:
Ռուբեն Բաբայանը հակադարձեց Դեւրիկյանին` նշելով, թե այժմ կատարվում է մի գործընթաց, որը սկսվել է դեռ 120 տարի առաջ` Հայաստանը ՌԴ-ին պետք է առանց հայերի, եւ ՌԴ-ն Հայաստանը դիտում է իբրեւ իր ֆորպոստ. «Այն քաղաքականությունը, որն այժմ վարում է ՌԴ-ն, ավանդական ռուսական քաղաքականություն է»:
Անդրադառնալով Դեւրիկյանի հարցադրմանը, թե յուրաքանչյուրը, ով կասկածի տակ է դնում Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշման դրական կողմերը, արդյո՞ք պատրաստ է սահմանը պաշտպանել, Բաբայանը նշեց. «Իհարկե, բա էլ ո՞վ պետք է մեր սահմանը պաշտպանի: Մենք պետք է մեր սահմանը պաշտպանենք, այլ ոչ թե դրսի զինվորը: Եթե մենք չենք կարողանում մեր սահմանը պահել, ուրեմն չպետք է սահման ունենանք»:
Բաբայանը Դեւրիկյանին առաջարկեց հիշել, թե ՌԴ զինվորները հիմնականում ո՞ր սահմանն են պաշտպանում. «Ռուսաստանն իր հարավային սահմաններն է պաշտպանում, հարգելի'ս, ոչ թե մեր սահմանը: Մենք ոչ մեկին պետք չենք լինի, եթե ինքներս մեզ պետք չենք: Ռուսաստանը Հայաստանն ընկալում է որպես իր սեփական տարածք»:
Դեւրիկյանը, սակայն, չհամաձայնեց Բաբայանի հետ` նշելով, որ Ռուսաստանի զինվորները ԱՊՀ արտաքին սահմանն են պաշտպանում: