Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վազգեն Մանուկյանը Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածուն է, իսկ Շարժման համակարգողը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Այս մասին Yerkir.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին շարժման խորհրդից՝ հավելելով, որ ձևավորվել է նաև Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, որին մաս են կազմում ոչ միայն 17 կուսակցությունների ներկայացուցիչները, այլ նաև մի շարք հայտնի մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք՝ այսօր Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը շարժման խորհրդի նիստից հետո լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է Հայրենիքի փրկության շարժումը իբրև անցումային կառավարության վարչապետի թեկնածու ընտրել Վազգեն Մանուկյանին՝ պատասխանեց․ «Վազգեն Մանուկյանը իր անցած ճանապարհով, իր կենսագրությամբ, իր հմտություններով այն մարդն է, ով երկրին կբերի հանդարտություն, կայունություն, առաջիկայում կկարողանա կազմակերպել արդար, թափանցիկ ընտրություններ, և Վազգեն Մանուկյանը այն թեկնածուն է, որը կարող է հաղթահարել մեր երկրի առջև այս պահին կանգնած մարտահրավերները՝ հանձին իր գլխավորությամբ գործող ժամանակավոր կառավարության»։
Հայրենիքի փրկության շարժումն այսօր նաև հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: