Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը. ներքին ու արտաքին սխալ քաղաքականության հետևանքով տանուլ է տվել պատերազմը:
Նա, վերազանցելով իր լիազորությունները, միանձնյա որոշումով, ժողովրդի թիկունքում ստորագրել է զինադադարի հաստատման նվաստացուցիչ, կապիտուլյացիոն փաստաթուղթ՝ կատարված փաստի առջև կանգնեցնելով ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Արդյունքում՝ ծանր հարված է հասցվել հայության արժանապատվությանը, թշնամուն է զիջվել Արցախի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածքների 80 տոկոսը, այդ թվում՝ Շուշին, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջանների բազմաթիվ բնակավայրեր: Ունենք հազարավոր զոհեր և վիրավորներ, անհայտ կորածներ, մշտական բնակության վայրերը հարկադրաբար լքած տասնյակհազարավոր հայրենակիցներ, ահռելի նյութական կորուստներ, Արցախի անորոշ կարգավիճակ, Հայաստանի Հանրապետության անվտանգության լրջագույն սպառնալիքներ։
Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունն անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումն անհրաժեշտություն է։ Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում ստորագրված կապիտուլյացիա։ Այդուհանդերձ, ամեն ինչ ավարտված չէ:
Դիվանագիտական ճանապարհով մեր շահերն արձանագրելու և լավագույնս պաշտպանելու հնարավորությունները սպառված չեն: Առաջին հերթին առաջիկա բանակցություններում պետք է բացառել Արցախի կարգավիճակի ամրագրումը Ադրբեջանի կազմում։
Դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նոր բանակցող. ձախողված, պարտված և անվստահելի ղեկավարը չի կարող դա անել։
Ըստ այդմ՝ օրվա հրամայականներն են.
Առաջին. – ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը պետք է հեռանա: Նրա հեռացումը պետք է լինի անցնցում, սահմանադրականության և օրինականության շրջանակներում՝ չխաթարելով երկրի ներքին և արտաքին անվտանգությունը, բացառելով ներազգային առճակատումը:
Ըստ այդմ՝ Ն.Փաշինյանը հանրային ճնշմամբ կամ ինքնակամ հրաժարական է տալիս, կամ ՀՀ ԱԺ արտահերթ նիստով վերացվում է ռազմական դրության՝ այլևս անիմաստ ռեժիմը, և իշխանազանցության մեղադրանքով վարչապետը պաշտոնանկ է արվում:
Երկրորդ. – Ձեւավորվում է ժողովրդի վստահությունը վայելող Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որի առաջնահերթ խնդիրներն են՝
- հնարավորինս վերատեսության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները, նվազագույնի հասցնել մեր զիջումները,
- առաջնահերթ քայլեր ձեռնարկել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ,
- անհրաժեշտ պայմաններ ապահովել հնարավոր ամենասեղմ ժամկետներում արդարության, հավասարության և օրինականության պայմաններում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար. ժողովուրդն իր քվեով պետք է որոշի ստեղծված կացությունից երկիրը փրկելու ունակ նոր իշխանությանը։
16.11.2020 թ.