կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-03 19:02
Հասարակություն

Օֆշորում գրանցված ընկերությունը Լոնդոնում շքեղ բնակարան է գնել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի որդու համար

Օֆշորում գրանցված ընկերությունը Լոնդոնում շքեղ բնակարան է գնել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի որդու համար

Ադրբեջանի պետական ջրօգտագործման ընկերության ղեկավար Ահմադ Ահմեդզադեի որդին՝ Ջումա Ահմեդզադեն բնակվում է Լոնդոնի կենտրոնում գտնվող շքեղ բնակարաններից մեկում, սակայն բնակարանը գնել է ոչ թե ինքը, այլ օֆշորում գրանցված Vremax ընկերությունը: Այս մասին իր հետաքննական հոդվածում հայտնել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնը (OCCRP):

Ահմադ Ահմեդզադեի գլխավորած ադրբեջանական պետական ջրօգտագործման ընկերությունը ամբարտակի կառուցման երկու շահավետ պայմանագիր է կնքել Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մեհմեթ Ջենգիզին պատկանող շինարարական ընկերությունների հետ: Ջենգիզի ընկերության կողմից Ադրբեջանում հսկայական ամբարտակի կառուցման մասին պայմանագիր ստորագրելուց մի քանի ամիս առաջ Ջենգիզի կողմից վերահսկվող լոնդոնյան ընկերությունը 3 մլն դոլար է վճարել Vremax ընկերությանը:

Հոդվածում նշվում է, որ պարզ չէ, թե իրականում ինչով է զբաղվում օֆշորում հիմնված Vremax ընկերությունը։ Այն չունի կայք, հայտնի չեն նաև սեփականատերերն ու բաժնետերերը:

Վճարումը ստանալուց հետո Vremax-ը 2,3 միլիոն դոլարով բնակարան է գնել Քենսինգթոնում և Չելսիում, որոնք Լոնդոնի ամենաթանկ համարվող շրջաններից են: Այնտեղ գտնվող շքեղ բնակարանում բնակվում է Ադրբեջանի պետական ջրօգտագործման ընկերության ղեկավար Ահմադ Ահմեդզադեի որդին՝ Ջումա Ահմեդզադեն։

Մի քանի տարվա ընթացքում Vremax-ը ծախսել է ավելի քան 3,4 միլիոն դոլար, որոնցով Ահմեդզադեն կարողացել է միացնել հարևանությամբ գտնվող երկու բնակարանները, այդպիսով մեծացնելով իր բնակարանի մակերեսը: Նրան պատկանող բնակարանն այժմ ունի 273 քառակուսի մետր մակերես, ինչը մեծ է նույնիսկ Լոնդոնի կենտրոնի չափանիշներով:

Vremax ընկերությունը գրանցված է Վիրջինյան կղզիներում, ինչը հնարավորություն չի տվել լրագրողներին հավելյալ մանրամասներ պարզել ընկերության սեփականատերերի հետ կապված: OCCRP-ի մասնագետները նշում են, որ այս գործը հետագա հետաքննություն է պահանջում: