Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք կռվում ենք երեք պետության՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի դեմ և դա անում ենք արժանապատվորեն։ Մեր մի բուռ հողում իսկական մարտիկների կռիվ ենք տալիս։ Եվ, եթե կարողանում ենք դիմակայել այդ 3 պետություններին, ուրեմն՝ ազգ-բանակ եղել ենք, կանք և պարտավոր ենք լինելու, այլ կերպ հնարավոր չէ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան քառօրյա բարեգործական դրամահավաք-համերգներին Ավետ Բարսեղյանի և Արման Ղազարյանի հեղինակած «Անունս Արցախ է» երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ, կարճ ժամանակում հասցրեց սիրվել հանրության կողմից ու դարձավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնը։
«Աշխարհն առ ու ծախ է արյան անձրևում, անունս Արցախ է, ես չեմ հանձնվում» Արցախի հանդեպ եղած անսահման սերը բնորոշող ու մեկ գիշերվա ընթացքում ստեղծված երգի խոսքերը շարունակելով Շուշան Պետրոսյանն ասաց․ «Մենք ինչպե՞ս կարող ենք հանձնվել»։
Մեր այն դիտարկմանը, թե Թուրքիայի նախագահն ասում է, որ պիտի ավարտին հասցնեն 100 տարի առաջվա կիսատ թողած գործը, Շ․ Պետրոսյանը ձեռքը դեպի երկինք պարզելով հավելեց․ «Մեր 1․5 միլիոն սրբադասված բանակ ունենք այնտեղ, հիմա այդ բանակին լիքը տղերք են ավելացել, այդ բանակը զորք է դարձել և սարսափելի հզոր է։ Այո, բոլոր հաշվարկներով վաղուց մենք պիտի չլինեինք, բայց կանք, կռվում ենք և հաղթելու ենք։ Սա ռոմանտիկա չէ, ուղղակի դատապարտված ենք հաղթելու, որովհետեւ մենք ճիշտ ենք, մենք մեղք չունենք և Աստված դա տեսնում է ու գիտի։ Ամբողջ աշխարհում, որտեղ թուրքը կա հարամված է։ Թող եվրոպաները մտածեն, մենք մտածելու բան չունենք, մենք այդ բոլորը գիտենք»։
Թեպետ, երգչուհին վերջերս էր Արցախում տուն ձեռք բերել, բայց թշնամու ագրեսիայի հետևանքով այն կորցնելու հնարավոր տարբերակից չի մտահոգվում՝ կարևորը զոհ չլինի․ «Քարերը կվերականգնվեն, մենք սիրում ենք քարը քարին շարել, հայն է ափսոս»։
Երգչուհին համոզված է՝ թիկունքում հաճախ պիտի աղոթենք սահմանում ամուր կանգնած հերոսների՝ զինվորից մինչև արցախցու համար։ Ապացուցվել է՝ աղոթքն օգնում է․ «Աղոթքն ունի այդ ուժը։ Պատերազմի առաջին օրերին էր, երբ Պարգև սրբազանն ասաց, որ ժամը 6-ին պիտի բոլորս միասնական աղոթք անենք, այդ օրը մենք հաջողություն ունեցանք սահմանում։ Պետք չէ մոռանալ այդ ամենը, որ բոլոր չպայթած սմերչերը Աստծո գործն են, գնահատե՛ք։ Մենք Աստծո ամենաշատ սիրելի ազգն ենք, մի տապանից սերված ժողովուրդն ենք, բայց «համը» շատ ենք հանել»,- փաստում է տիկին Պետրոսյանն ու հորդորում քրիստոնյա լինելու փաստը միայն կենացներում չհիշենք․ «Աստված պիտի անընդհատ լինի մեզ հետ, որովհետև նա ոչ մի վայրկյան մեզնից չի հեռացել ու մեզ անընդհատ ներել է»։
Ըստ Շ․ Պետրոսյանի ամեն մարդ ունի իր առաքելությունը, մարտիկը՝ կռվում է, վարորդը՝ հաց է հասցնում զինվորին, բժիշկը՝ պայքարում է այդ զինվորի առողջության համար, իսկ թիկունքում փորձում ենք ծանրոցներ ուղարկել Արցախ, զինվորներին՝ դիրքեր, այդպես էր նաև 2016-ին քառօրյայի պատերազմի ժամանակ․ «Ոչինչ չի փոխվել, ուղղակի այն ժամանակ քարկոծում էին այդ նույն բանն անելու համար, հիմա՝ ոչ։ Քարկոծում էին, որ խրամատ էի սարքում հյուսիսում․․․»,- մտաբերում է ու ձեռքը թափահարելով ասում․ «Տղերքն են կարեւոր»,- ու հայ կնոջը բնորոշ ուժն ու մայրական խնամքն իրար խառնելով, բայց պինդ հայացքով դիմում է զինվորներին․ «Տղե՛րք, ձեր ցավը տանեմ, զգոն եղեք, իրար խնամքով վերաբերվեք։ Դուք գիտեք, որ թշնամին մեկն է, Աստված ձեզ հետ է, երկրից ու ձեզնից թանկ բան չունենք, ուրիշ տարբերակ չունենք, հաղթելու ենք»։
Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը
Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։