կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 15:40
Քաղաքական

Մեր` ազգ–բանակ լինելու մարտահրավերը խնդրում եմ չկապել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ. Վիգեն Սարգսյան

Մեր` ազգ–բանակ լինելու մարտահրավերը խնդրում եմ չկապել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ. Վիգեն Սարգսյան

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց` արդյո՞ք զինվորական ծառայություն անցնելու համար երեք տարով ուսման ընդհատումը չի խոչընդոտի հետագա մասնագիտական պատրաստվածությանը: «Հնարավոր չէ՞, որ դա խթանի նրանց արտագաղթը, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել»,-  հարցրեց նա:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ նախ պետք է խոսել, թե որոշ ուսանողների համար տարկետումն ինչ արդյունավետություն է ունեցել: Ըստ նախարարի՝ տարկետումը չափազանց ընտրովի է իրականացվում, և մի քանի տոկոսն է ստանում իրավունք ուսումը շարունակելու, ինչն էլ որոշակի ռիսկեր է պարունակում՝ կոռուպցիոն և այլն:

«Տեսեք՝ շատ երկար քննարկվում էր հասարակությունում՝ արդյո՞ք պաշտպանության նախարարը ծառայել է, թե՞ ոչ: Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին, այսինքն՝ ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական ծառայության, ավարտից հետո սպայական ծառայություն և այդ ձևով երկրին օգտակար լինելու կարողություն: Ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ այդ պրակտիկան աշխարհում կա, և առաջատար բուհերը շատ հանգիստ տալիս են տարկետում, երբ ներկայացնում են տեղեկանք, որ ուսանողն ունի զինվորական ծառայության պարտավորություն իր երկրում, և դրանից հետո վերադառնում, սովորում են:

Նախարարը նաև հայտարարեց. «Ես շատ պարզ ու հստակ մոտեցում ունեմ այդ հարցին` մեր երկրի իրողությունը և մեր` ազգ–բանակ լինելու մարտահրավերը բացարձակ չեմ կապում և խնդրում եմ չկապել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Մեր երկրի աշխարհագրությունն ու քաղաքականությունը, մեր ժողովրդի հազարամյա պատմությունն իր վայրիվերումներով մեզ պետք է սովորեցրած լինի` անկախ նրանից՝ այսօր ինչ մարտահրավեր ունենք, որպես ազգ, պետք է ունենանք մասնակցության այն մակարդակը, որ ամենադժվար պահերին կարողանանք համախմբվել և լուծել: Ազգ-բանակը տակտիկական հարց չէ Ղարաբաղյան հարցը լուծելու, դա ուղղակի ժողովրդի մոբիլիզացվածություն ապահովելն է: Դա բեռ է` մի կողմից, բայց ես կարծում եմ, որ ցանկացած բեռ կարող է դառնալ խթանիչ ուժ, եթե կյանքը պարտադրել է, պետք է սովորենք առավելություն դարձնել, ոչ թե նվնվանք, թե ինչու մեր տղաները պետք է երկու տարի ծառայեն»: