Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
«Բանաձևում, մասնավորապես, նշված է՝ Ֆրանսիան, ելնելով Հայաստանի հետ ունեցած իր պատմական բարեկամական կապերից, պետք է մեծ դեր խաղա կայուն քաղաքական և խաղաղ լուծման հարցում: Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների պաշտպան երկիր, պետք է պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի»,- ասված է գրառման մեջ:
Քաղաքային խորհուրդը նշել է, որ այս ճանաչումը թույլ կտա հող պատրաստել Ազգերի միջազգային ճանաչման ուղին հարթելու համար՝ արդյունավետորեն երաշխավորելով սահմանների ամբողջականությունն ու պաշտպանելով խաղաղ ապրելու իրավունք ունեցող իր ժողովրդին:
«Հետևաբար, Կլամարի՝ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած քաղաքային խորհուրդը կոչ է անում Հանրապետության Նախագահին՝ ներգրավել Ֆրանսիան հակամարտության վերջնական կարգավորման, խաղաղ գործընթացի կյանքի կոչման և Լեռնային Ղարաբաղի անհապաղ ճանաչման գործընթացի մեջ, վերացնել քաղաքային համայնքների առջև դրված` Արցախի Հանրապետության հետ ինստիտուցիոնալ կապեր ունենալու արգելքը»,- նշված է բանաձևում:
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բանաձև և կոչ արել երկրի կառավարությանը ճանաչել ԱՀ անկախությունը: Դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։