Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նամակ է հրապարակել՝ շեշտելով, որ այն ուղարկել է իր լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին.
«Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն եւ արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում:
Մինչ Բրազիլիայի բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը կվերլուծեն իրավիճակը, այս խնդրանքը այսօր արդեն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց ում հետ հասցրել եմ անձամբ շփվել.
Մելանյա Թրամփին (ԱՄՆ)
Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա)
Սոֆի Գրեգորի Թրյուդոին (Կանադա)
Նադյա Չամին Աունին (Լիբանան)
Հո Չինին (Սինգապուր)
Դիանա Նաուսեդիենեին (Լիտվա)
Ֆաբիոլա Անդրեա Յանեզին (Արգենտինա)
Թրան Նյուգետ Թուին (Վիետնամ)
Կիմ Սիմփլիս Բարոունին (Բելիզ)
Սիրելի՛ Առաջին տիկին, իմ հարազա՛տ ընկեր,
Հիշո՞ւմ ես՝ խոսում էինք խաղաղությունից և հավատում, որ հենց կանայք և մասնավորապես մենք՝ առաջին տիկնայքս կարող ենք նշանակալից դերակատարում ունենալ մեր երկրներում ու աշխարհում խաղաղություն հաստատելու գործում:
Ավելի քան տաս օր է՝ իմ ժողովուրդը պարտադրված պատերազմի մեջ է: Գուցե գիտես, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աջակցությամբ, պատերազմ սկսեց արդեն ավելի քան երեսուն տարի սեփական ակնախությունը հռչակած, բայց դեռևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Այս պատերազմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ է, այլ ամբողջ հայ ժողովրդի, քանի որ Թուրքիան նպատակ ունի սրա միջոցով ավարտին հասցնելու հարյուր տարի առաջ սկսած հայերի բնաջնջման իր ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը:
Այս պատերազմը ոչ միայն հայ ժողովրդի դեմ է, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև ազատության, ժողովրդավարության և խաղաղության դեմ, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի երկու բռնապետները Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների են ներգրավել տարածաշրջանի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար:
Հրթիռակոծվում են մեր քաղաքներն ու գյուղերը, օգտագործվում են արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ: Այս պահին մենք ունենք հարյուրավոր զոհեր՝ զինվորականներ, քաղաքացիականներ և երեխաներ:
Իմ ժողովուրդը չի կարող միայնակ դիմակայել այս արհավիրքի դեմ, մենք ընկերների կարիքն ունենք, ու ես դիմում եմ քեզ իմ ամենանվիրական խնդրանքով. որ քո երկիրը ճանաչի խաղաղ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Հավաստիացնում եմ, որ այս քայլով դուք խաղաղություն կբերեք այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, այդ թվում Ադրբեջանի ժողովրդին, որի անմեղ զավակները՝ այդ երկրի բռնակալ եւ տեռորիստ իշխանության գործողությունների պատճառով, մեր զավակների հետ միասին զոհվում են այսօր մարտի դաշտում:
Սիրելի՛ Առաջին տիկին,
Ուզում եմ` հիշես մեր խոսակցությունը, հիշես իմ աչքերը: Ես այսօր խնդիր ունեմ նայելու մեր զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն: Միայն վերջնական խաղաղության հաստատումն է կարող արդարացնել այդ չափազանց թանկ գինը, որ վճարում են մեր մայրերը, մի ամբողջ ժողովուրդ:
Ուզում եմ, որ իմանաս՝ իմ որդին, Աշոտը, հենց այս պահին (հոկտեմբերի 8-ին), երբ նամակ եմ գրում քեզ, իր հասակակիցների հետ միասին զինվորական ավտոբուսով շարժվում է դեպի առջնագիծ: Եվ ուզում եմ՝ իմանաս, որ իմ որդու կյանքը նույնպես դրված է հանուն խաղաղության:
Ճանաչելով Լեռնային Ղարբաղի Հանրապետության անկախությունը` ձեր երկիրը ոչ միայն կլինի խաղաղության այն աղավնին, որ կկանխի հետագա արյունահեղությունները մեր տարածաշրջանում, այլև կվերականգնի մարդկության հավատը թե՛ սեփական ուժերի, թե Աստծո զորության նկատմամբ:
Ես մինչև իմ կյանքի վերջը երախտապարտ կլինեմ քեզ ու քո ժողովրդին, իմ շնորհակալ ժողովուրդը հավերժ կհիշի այս մասին, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կգնահատի այդ քայլը ըստ արժանավույն, որովհետև մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում:
Ցանկանում եմ նաև իմանաս, որ մեզ համար ամեն ժամը, ամեն րոպեն կարող են ճակատագրական լինել:
Սիրով, ու մեծ հույսով,
Աննա»: