Փոխարժեքներ
28 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ստորագրությամբ նամակներ են հղվել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։ Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև․
«Երկու տարի է անցել Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ ազգաբնակչության էթնիկ զտումից, որին նախորդել էին ինն ամիս ձգված շրջափակումը և ադրբեջանական ագրեսիան։
Այս ընթացքում միջազգային հանրության կողմից որևէ կոնկրետ գործողություն չի ձեռնարկվել տեղի բնիկ հայ ազգաբնակչությանն իր հազարամյա Հայրենիքը վերադարձնելու, Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության, Բաքվում պատանդառված գերիների և ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի ուղղությամբ։
Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ որդեգրված էթնիկ զտման ցեղասպանական հանցագործողությունը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց գերեվարությունն ու Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները ոչ թե եզակի դեպքեր են, այլ տարածաշրջանում հայկական ինքնությունը վերացնելու համակարգված քաղաքականություն։ Այսօր Բաքվում փակ դռների ետևում ընթանում են կեղծ դատավարություններ, ուր արգելված է անկախ դիտորդների ներկայությունը։
Կոպտորեն խախտված է իրավական պաշտպանության տարրական իրավունքը, արձանագրվել են կալանավորվածների խոշտանգման դեպքեր։ Անհապաղ քայլեր պետք է ձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված այլ անձանց ազատ արձակման ուղղությամբ։ Սա պաքար է մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների համար, և վերջիններիս պաշտպանությունը չի կարող ընտրողական լինել։
Ադրբեջանի գործողությունների անպատժելիությունը քայքայում է միջազգային իրավական համակարգը, հեղինակազրկում է միջազգային ինստիտուտները, նաև զրոյացնում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերը։
Ըստ այդմ, արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար։
Լիահույս եմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց ազատ արձակման ուղղությամբ»։