կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 14:41
Առանց Կատեգորիա

Մերկ նամակ` հայոց տիկնանց

Մերկ նամակ` հայոց տիկնանց

Տիկնա'յք հայոց, ձեզ համար եկել է փորձությունների հետաքրքիր շրջան: Հիմա, երբ հայ ամուսինները սրտի տագնապով պատրաստվում են մուծել կամ չմուծել դեկտեմբերյան ցուրտ ձմեռվա ընթացքում սպառած գազի դիմաց, դուք լինելու եք առաջիկա մի քանի օրվա նրանց իրական նեցուկը: Նույնիսկ ավելի իրական, քան երեխաները: Հիմա հայ ամուսինները սթրեսի իշխանության տակ են, ինչպես հնում միանձնուհիներն էին «բռնված դեւերով»: Սթրեսը ցանկացած օջախի պատուհասների «հացն» է: Մտածե'ք, տիկնա'յք հայոց, ամիսը՝ հունվար, բոլոր փողերը՝ պարտք արած, գողացած, քրտինքով աշխատած, ծախսվել են Ամանորի սեղանի եւ հյուր գնալու վրա, մի խոսքով` բոլոր գրպանները դատարկ են, իսկ տան խնդիրները, որոնք հետին պլան էին մղվել Ամանորի օրերին, մնում են: 

 

Դուք էիք, տիկնա'յք հայոց, որ թասիբի ընկած ճոխ սեղաններ էիք պահանջում ձեր ամուսիններից, քանի որ «դուք ոչ մեկից վատը չեք»: Իսկ վատը չեք, որովհետեւ մեծ հաշվով համերկրային ոչ մի խնդիր ձեր գործը չէ: Ձեր գործը չէ, եթե ձեր ամուսինը չի ուզում, ինչ-որ մեկին խոնարհվելով, փող աշխատել, ինչ-որ մեկի հետ անօրինականության գնալով, փող աշխատել: Դուք պահանջեցիք ճոխ սեղաններ, ստացաք դրանք, հիմա ժամանակն է, որ հանգիստ թողնեք ձեր ամուսիններին, քանի դեռ նրանք ձեր օջախը՝ հանուն վառած գազի դիմաց մուծելու, մտցնեն նոր պարտքերի մեջ: Սրա վերջը վատ է լինելու, չկասկածեք, դուք արդեն ձեր օջախներից գերեզմաններ եք կերտում, բայց պետք է դիմանաք: Եթե արտագաղթած հարազատներ չունեք, պիտի ձեր ամուսիններին ուղարկեք Ռուսաստան, որովհետեւ մեկ օրվա  ճոխ սեղանը գին ունի, տիկնա'յք հայոց: Պետք էր մտածել այդ գնի մասին: Դուք էդպես էլ գլխի չընկաք, որ Նոր տարվա սեղանը նույն 5 հազար դրամն է, որը դուք կորզում եք այս կամ այն թեկնածուից կամ կուսակցությունից ընտրությունների շեմին: 

 

Դուք գլխի չընկաք, որ սեղանը ձեր սրտի չափերով չի ձեւվված, սեղանը սեղան է, դուք մարդկանց կարող էիք հյուրասիրել ուղղակի գետնին` հաց ու պանրով: Եվ ձեր խնդիրը չէ, որ մարդիկ ձեզ չէին հասկանա: Եվ հիմա, երբ ձեր ամուսինները պետք է վառած գազի կոմունալ պարտքը փակեն, դուք պարզապես պահեք ձեր շունչը, բայց մի' կանգնեք ձեր ամուսինների շնչին, առանց այն էլ նրանց թթվածինը պակասել է այն փաստից, որ դուք եք նրանց կողակիցը: Դուք, որ աչք չթարթեցիք, երբ ձեր ամուսինները 5 հազար դրամ էին վերցնում ձեր աչքի առաջ կամ խրախուսում էիք ամոթխած ամուսնուն վերցնել, որը դիմադրում էր՝ վերցրու,-ասում էիք,-շնից մազ պոկելն էլ օգուտ է:

 

Տիկնա'յք հայոց, կարելի է ասել առաջիկա մի քանի օրերի Հայաստանի ճակատագիրը ձեր ձեռքում է, ո'չ Տիգրան Սարգսյանի, ո'չ նրա կնոջ, ո'չ Պուտինի, որը կին չունի, ո'չ Ալեքսեյ Միլերի, որի կնոջից գաղափար անգամ չունենք, եւ ո'չ էլ՝ Աստծո, որը կնոջն ստեղծեց որպես օժանդակ մխիթարություն: Եթե դուք չօգնեք ձեր ամուսիններին, ավելի ճիշտ, չխանգարեք ապրել, Աստված մի ձախողում պակաս կտոնի: Այսինքն` մի ձախողված մարդ նրա հաշիվներից դուրս կմնա: Մի խոսքով` մի գլխացավանք պակաս կլինի: Մենք երեւի հասկացանք իրար, տիկնա'յք հայոց: Մի' մոռացեք, որ ոչ ձեր ամուսինը, ոչ էլ դուք ավելի լավ Հայաստանի ներկայացուցիչը չեք: 

 

Առաջիկայում ձեր ամուսինները աշխատավարձ են ստանալու նվազագույնը 20 օրից, իսկ կոմունալ ծախսերը չեն սպասում: Փոխզիջում չի լինելու, անջատելու են գազը, կանջատեն էլեկտրաէներգիան, եւ ձեր պարտությունը կլինի, հեզաճկուննե'ր, եթե չանջատեն: Ուրեմն` իզուր էիք շտապեցնում ձեր ամուսիններին նոր պարտքեր կուտակել, իզուր էիք նրանց կոչ անում Ռուսաստան գնալ եւ իզուր էիք սղոցում նրանց նյարդերը: Հիշեք` եղած-չեղած մի 20-25 օր է, հանգիստ թողեք ձեր ամուսիններին, նրանք կա'մ փող կճարեն, կա'մ չեն ճարի: Երկու դեպքում էլ չմոռանաք, որ նրանք դատապարտված են: Երկու դեպքում էլ չմտածեք, թե նրանց անակնկալի կբերեք ձեր պահանջներով, դուք միայն սթրեսը կդարձնեք անշրջելի: Չէ՞ որ, եթե նույնիսկ նրանց ձեր անգերազանցելի սերն էլ հավաստեք, ՀՀԿ-ական իշխանությունը մի նոր օյին կմտածի ձեր եւ ձեր ամուսինների կյանքն ավելի անտանելի դարձնելու համար: Չէ՞ որ նրանք էլ առաջնորդվում են այն հիշողությամբ, որ դուք 5 հազար դրամ եք վերցրել ու բավարարվել դրանով, եւ այն համոզմունքով, որ էլի եք վերցնելու ու դարձյալ մնալու եք բավարարված:


Սեյրան Հանոյան