կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 18:22
Արցախ

Մասիս Մայիլյանը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների

Մասիս Մայիլյանը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի խումբ անդամների։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարը երախտագիտությամբ է նշել, որ ի շարունակություն 2019 թ. հոկտեմբերին Վաշինգտոնում ունեցած հանդիպումների և ստացված հավաստիացումների՝ կոնգրեսականները հետևողական ջանքեր են գործադրում՝ Արցախի Հանրապետության հետպատերազմյան վերականգնողական գործում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող մարդասիրական օգնության շարունակականությունն ապահովելու համար:

«Անցած տասնամյակների ընթացքում ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը Արցախին օգնել է հոգալ տարբեր հրատապ մարդասիրական կարիքներ և հաղթահարել ադրբեջանական ագրեսիայի ավերիչ հետևանքները: Մասնավորապես՝ Ամերիկայի աջակցությունը «The HALO Trust» կազմակերպության՝ պատերազմի հետևանքով տուժած տարածքներում կատարվող արդյունավետ աշխատանքներին, միջազգային մարդասիրական ականազերծում իրականացնող այս կազմակերպությանը թույլ է տվել վնասազերծել տասնյակ հազարավոր ականներ և ագրեսիայի այլ մահացու մնացորդներ»,- նշել է Մասիս Մայիլյանը։

ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական աջակցությունը կօգնի երկու երկրներին շարունակել ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև հոգալ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնական մարդասիրական կարիքները:

Մասիս Մայիլյանը նաև շնորհավորել է կոնգրեսականներին ԱՄՆ անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ անկախության պատմության ընթացքում Միացյալ Նահանգները եղել է ազատության և ժողովրդավարության արժեքների պաշտպանության առաջնագծում, ինչը ոգեշնչել է աշխարհի բազմաթիվ երկրների, ներառյալ՝ Արցախի Հանրապետությանը՝ ոտքի ելնել և պայքարել իրենց անքակտելի իրավունքների և ազատությունների համար: