կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-20 19:47
Քաղաքական

ՌԴ պետք է վերանայի հարաբերությունները Թուրքիայի հետ

ՌԴ պետք է վերանայի հարաբերությունները Թուրքիայի հետ

Ամերիկյան Strategic Culture պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների և այդ գործընթացներում Թուրքիայի և Ռուսաստանի դերի մասին: Հոդվածի սկզբում նշվում է, որ Թուրքիայի հիմնական դերը ԼՂ հակամարտության հերթական փուլում կասկած չի հարուցում և այն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:

«Այդ իսկ պատճառով կողմերին դժվար կլինի պայմանավորվել, իսկ էլ ավելի բորբոքվող հակամարտությունը կարող է վերածվել երկարատև պատերազմի:

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ հավաստիացրել, որ Անկարան կաջակցի Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու Մոսկվայի ջանքերին:

Ընդ որում, Թուրքիայի առաջնորդը փաստացի վերջնագիր է ներկայացրել իր ռուս գործընկերոջը ՝ հայտարարելով, որ խոսքը  Երևանի եւ Բաքվի միջև բազմամյա տարածքային վեճի «վերջնական կարգավորման» մասին է:

Բայց թուրքերն ու ադրբեջանցիներն արդեն հստակ հասկացրել են, որ իրենց համար միակ ընդունելի լուծումը նրանք համարում են հայերի կողմից տարածաշրջանի ցանկացած պահանջից հրաժարվելը»,- նշված է հոդվածում:

Strategic Culture պարբերականը գրում է, որ մինչև սեպտեմբերի վերջ տարածաշրջանում ռազմական գործողություն սկսելը` Անկարան եւ Բաքուն  պարզ ցույց տվեցին, թե ինչ նկատի ունեն վերջնական կարգավորում ասելով:  Հուլիսին անցկացվեցին համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ, և թուրքական ուժերի մի մասը մնաց Ադրբեջանի տարածքում:

«Միաժամանակ, 2020 թվականի երրորդ եռամսյակում վեց անգամ աճել է թուրքական ռազմական միջոցների արտահանումը Ադրբեջան, սկսվել է հազարավոր վարձկանների տեղափոխումը Սիրիայից, Լիբիայից և այլ երկրներից: Հետևաբար, ԼՂ հակամարտության սրացումը նախապես պլանավորված էր և ինքնաբուխ պատասխան չէր հայկական կողմի գործողություններին: Այդ իսկ պատճառով, կասկած չկա, որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական որոշում են կայացրել ռազմական գործողություններով տարածքային վեճի «վերջնական լուծում» իրականացնել»,- նշվում է հոդվածում:

Ըստ Strategic Culture-ի` այդ կապակցությամբ ռազմական գործողությունները դադարեցնելու Մոսկվայի միջնորդական ջանքերը հղի են ամենաանսպասելի հետեւանքներով: Հրադադարի մասին պայմանավորվածությունների խախտումը դրա ակնհայտ ապացույցն է:

 «Բացի այդ, հակամարտությունը ընդլայնման միտում ունի: Ընդ որում, Մոսկվան կապված է Երևանի հետ ՀԱՊԿ-ում ստանձնած պարտավորությունների շրջանակներում, և Հայաստանի նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ռազմական միջամտության գնալ»,- նշված է հոդվածում:

Strategic Culture-ը գալիս է այն եզրակացության, որ  իրադարձությունների նման զարգացումը կնշանակի, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմական վիճակում են:

«Մտավախություն կա, որ նման սցենարը ձեռնտու է Թուրքիայի նախագահ Էրդողանին, քանի որ Անկարան ցավոտ պարտություն է կրել Մոսկվայից Սիրիայում:

Դամասկոսում ռեժիմի փոփոխության վերաբերյալ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի պլանները ամբողջովին տապալվել են Ռուսաստանի կողմից: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը կարող է Էրդողանի վրեժը լինել կրած նվաստացման համար։ Հավանաբար, Ռուսաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները Թուրքիայի հետ ՝ հասկացնելով, որ Թուրքիան մոտեցել է կարմիր գծին,- նշված է հոդվածում: