կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-17 19:21
Քաղաքական

Բենջամին Սանչեսն Արցախի դեմ հարձակումը և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև կներկայացնի Փենսիլվանիայում

Բենջամին Սանչեսն Արցախի դեմ հարձակումը և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև կներկայացնի Փենսիլվանիայում

Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև:

Սանչեսը մասնավորապես նշել է. «Շուտով ես կներկայացնեմ երկկուսակցական բանաձեւ, որը դատապարտում է վերջին հարձակումները և Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում հումանիտար ճգնաժամին: Երկրորդ Հայոց ցեղասպանության կանխարգելումն իմ առաջիկա բանաձևի նպատակն է: Այն ձգտում է բարձրացնել իրազեկվածությունը` օգնելու փրկել կյանքեր»:

Նա հավելել է, որ մի քանի շաբաթ առաջ Արցախի Հանրապետությունում խաթարվել է տասնամյակների փխրուն խաղաղությունը: Սանչեսը շեշտել է, որ Ադրբեջանի ուժերը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից անկանխատեսելի, լայնամասշտաբ գրոհ են սկսել ԼՂ-ի դեմ՝ Թուրքիայի օգնությամբ և աջակցությամբ: Նրա աչքից չի վրիպել նաև այն փաստը, որ ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի դեմ օգտագործում են թուրքական ռազմական տեխնիկա և կասետային ռումբեր ՝ ուղղակիորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը:

Սանչեսը նաև նշել է Սիրիայից և Լիբիայից հազարավոր ջիհադական վարձկանների Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկվելու մասին: «Չնայած ռազմական ճնշումը դադարեցնելու՝ միջազգային կոչերին՝ իրավիճակը վատթարանում է: Արցախն անխնա հարձակման է ենթարկվում: Այս սարսափելի գործողության պատճառով ես կներկայացնեմ այս բանաձևը՝ դատապարտելու հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը»,-նշել է նա: