կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 14:59
Հասարակություն

«Ավրորա» մրցանակին է միանում Բենջամին Ֆերենցը

«Ավրորա» մրցանակին է միանում Բենջամին Ֆերենցը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պատիվ ունի հայտարարելու, որ խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը երկար տարիներ պայքարել է միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, եւ հիմա նա կդառնա նաեւ «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում, հայտնում են «IDeA» հիմնադրամից:  

«Չափազանց ուրախ ենք ողջունել Բենջամին Ֆերենցին՝ մարդ, որն աշխարհն ավելի լավն է դարձրել իր պայքարով՝ արդարություն ապահովելով մարդկության դեմ իրագործված հանցանքներից տուժածների համար: Իր գործունեության ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատվությունն ու մարդկայնությունն՝ ընդդեմ հալածանքների եւ ցեղասպանության: Երջանիկ ենք, որ նա միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Բենջամին Ֆերենցը միջազգային փաստաբան է եւ մարդու իրավունքների պաշտպան: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները հետաքննողներից մեկն էր, եւ ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում:

1943թ. Հարվարդի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Ֆերենցը միացավ ԱՄՆ զինված ուժերին եւ մեկնեց Եվրոպա, որտեղ մասնակցում էր գերմանական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը: Սա հիմնովին փոխեց Բենջամին Ֆերենցին՝ կանխորոշելով նրա ապագա կյանքն ու գործունեությունը:

Բենջամին Ֆերենցը նաեւ մշակել է եւ իրագործել նացիստական ռեժիմից տուժածների վերականգնողական ծրագիր, ու մեծ դերակատարում է ունեցել Իսրայելի եւ Արեւմտյան Գերմանիայի միջեւ 1952թ. ստորագրված «Փոխհատուցման համաձայնագրի» բանակցություններում: Նա իր ամբողջ կյանքում պայքարել է մարդու իրավունքների եւ համընդհանուր խաղաղության համար՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով առաքելություն:

«Ես տպավորված եմ այն աշխատանքով, որն «Ավրորան» իրականացնում է ամբողջ աշխարհում: Մենք ծառայում ենք համընդհանուր նպատակի՝ ստեղծել ավելի մարդկային հասարակություն, որտեղ գերակայում է օրենքը: Ինձ համար հաճելի է ընդունել «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալու հրավերը՝ որպես պատվավոր համանախագահ: Իմ փորձից կարող եմ ասել, որ երկար ժամանակ, նվիրվածություն եւ ջանքեր են պահանջվում աշխարհն ու կյանքը կարեկցանքով եւ աջակցությամբ բարելավելու համար: Զգացված եմ՝ դառնալով մի համայնքի անդամ, որի առաքելությունը հենց այդպիսի աշխարհ ստեղծելն է»,- ասաց Բենջամին Ֆերենցը:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում են երեք նոբելյան դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ, միջազգային հանրության այլ ազդեցիկ դեմքեր:

***

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 1.000.000 դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, մարդու իրավունքների ակտիվիստ եւ Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։

Ավելին՝ www.auroraprize.com