Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ համատեղ այց է իրականացվել Սյունիքի մարզ՝ երեխաների իրավունքների վիճակն ուսումնասիրելու և աջակցության ծրագրեր քննարկելու նպատակով:
Սյունիքում երեխաների իրավունքների հարցերն ունեն առանձնակի արդիականություն: Հարցն այն է, որ երեխայի միջազգայնորեն երաշխավորված լավագույն շահերը կոպիտ ոտնահարված են ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով. օրինակ՝ Կապան-Ճակատեն ճանապարհի արգելափակման պատճառով անօրինական սահմանափակվել է երեխաների կրթության իրավունքը, նրանք զրկվել են ազատ տեղաշարժման հնարավորությունից:
Սյունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու հետևանքով խաթարվել է երեխաների անվտանգությունը (օրինակ՝ Ներքին Հանդի դպրոցից ընդամենը մի քանի հարյուր մետրի հեռավորություն է, իսկ մեկ այլ դեպքում բնակելի տներն ու կրթական հաստատությունները նրանց դիտարկման ներքո են):
Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում շրջայց են կատարել և ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար նախատեսված պայմաններին։ Կրթահամալիրի տնօրենը ներկայացրել է երեխաների համար նախատեսված դասընթացները, աշխատանքների կազմակերպումը:
Այնուհետև, այցելել են «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այստեղ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ միասին ծանոթացել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների հետ կապված պայմաններին, նրանց ընտանիքներին ցերեկային ծառայությունների տրամադրմանը։ Այստեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերներն արդեն իսկ կարևոր ծրագրեր իրականացրել են:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին բոլոր այցերի ժամանակ հաստատությունները ներկայացրել են իրենց կարիքները:
Կապանից բացի, այցի ընթացքում ՄԱԿ-ի գործընկերոջն Արման Թաթոյանը ներկայացրել է պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների պատճառով երեխաների իրավունքների խախտման փաստերը։
Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով երեխաները չեն կարողանում հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։
Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրանսպորտային միջոցի ժամին):
Երեխաների առաջնային շահերից է բխում նրանց անվտանգության ու կենսական իրավունքների ապահովումը:
Այցի համար կարևոր նշանակություն են ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման աշխատանքները, որի ներկայացուցիչները նույնպես մասնակցել են այցերին ու քննարկումներին:
Քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության լրացուցիչ ծրագրեր իրականացնելու հարցերը:
Սյունիքի մարզում (Կապան, Գորիս և այլ համայնքներ) կարևոր միջոցներ արդեն իսկ ձեռնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և պրոֆեսիոնալ անձնակազմը: