Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեր ուշադրության կենտրոնում ամբողջությամբ Արցախն է, մեր զինվորների ու կամավորների հերոսական կռիվը թուրք-ազերիական ասկյարների դեմ: Յուրաքանչյուր հայ մարդ Հայաստանում, թե Սփյուռքում ձգտում է իր կարողությունների չափով օգնել Արցախին՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես և թե՛ նյութապես: Հազարավոր հայեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ողջ աշխարհով մեկ՝ պահանջելով զսպել թուրք-ազերիների հերթական արշավը մեր երկրի ու ժողովրդի դեմ: Հասարակությունը միավորվել է թուրքական վտանգի դեմ՝ մի կողմ շպրտելով պառակտիչ բաժանումը սևերի և սպիտակների, հների և նորերի միջև: Բանակը և կամավորականների ջոկատները հերոսաբար կռվում են՝ ջարդելով թշնամու ատամները:
Իրադրությանը համահունչ՝ ԶԼՄ-ներից անդադար հնչում են հայրենասիրական կոչեր միասնության, անձնվիրության, ազգային համախմբման մասին. հայտարարում են, որ այսօր մեր գոյամարտն է, մեր կենաց-մահու կռիվը, մեր նոր Սարդարապատը:
Այո, 1918թ. մայիսին մեր ժողովրդի վիճակն օրհասական էր: Չունեինք պետություն, չունեինք բանակ, ոչ մի կողմից օգնություն չկար, չորս բոլորներս էլ թյուրքեր ու մահմեդականներ էին: Բայց մենք հաղթեցինք, պետություն ստեղծեցինք:
Իսկ այսօր մենք 30 տարվա անկախ պետություն ունենք: Ունենք մարտունակ ու լավ զինված բանակ: Հզոր դաշնակիցներ ունենք: Ունե՞նք, թե՞ ոչ: Ձևավորված են ու գործառնում են պետական կառույցներ, որոնք տիրապետում են իրավիճակին ու շատ լավ են պատկերացնում հանրապետության առաջ ծագած մարտահրավերները և դրանց հաղթահարման մեր հնարավորություններն ու ռազմաքաղաքական միջոցները, ուշի ուշով հետևում էին մեր հակառակորդների ռազմական պատրաստություններին ու Արցախի վրա հարձակվելու ծրագրերին և, անշուշտ, տեղյակ էին նաև հարձակման ժամկետների մասին: Վերջապես դիվանագիտական բանակ ունենք, որը հետապնդում է մեր շահերը միջազգային թատերաբեմում: Այս ամենը ունե՞նք, թե՞ չունենք:
Այդ դեպքում դժվար է հասկանալ, թե ինչու է այս պաատերազմը մեր վերջին կռիվը, հայերի օրհասական գոյամարտ, մեր նոր Սարդարապատը:
Իհարկե, անհրաժեշտ է մերկացնել ստի ու կեղծիքի վրա հենված թուրք-ազերիական քարոզչությունը, բողոքի ձայն բարձրացնել, աշխարհից արդարություն և օժանդակություն պահանջել: Բայց չէ՞ որ մեր պատմական փորձից գիտենք, որ ի պատասխան ստանալու ենք միայն նույնքան մարդասիրական հայտարարություններ և ցավակցություններ: Բայց չէ՞ որ ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Հարավային Կովկասում իրենց շահերը հետապնդող բոլոր խոշոր տերությունները, ուժային կենտրոնները վաղուց ձևորոշել են իրենց դիրքորոշումները, և փորձել հուզական կոչերով դրանք փոխել հնարավոր չէ: Այդ դիրքորոշումները չեն ձևակերպվում այս կամ այն ժողովրդի նկատմամբ ունեցած համակրանքից, այլ բխում են ամեն մի երկրի կողմից հետապնդվող կոնկրետ նպատակներից ու շահերից: Այդ շահերն ու նպատակները մեր արդարացի բողոքների հետևանքով չեն վերանայվի:
Հայաստանը կարող է և պետք է հստակ հաշվարկի ու որոշի, թե որ երկրներն են, որ, ելնելով իրենց իսկ շահերից, առավելագույնս կնպաստեն մեր պետության առաջ այսօր կանգնած խնդրի լուծմանը, կօժանդակեն մեզ ռազմական, քաղաքական և դիվանագիտական դաշտում, կօգնեն լուծել մեր առաջ կանգնած կենսական խնդիրները: Կողմնորոշվելով այդ հարցում՝ պետք է աշխատել արագորեն հաստատել դրանց հետ սերտ համագործակցություն՝ չնայելով՝ այդ պետությունները ժողովրդավարական են, թե՝ ավտորիտար, քրիստոնյա, թե՝ մահմեդական, հարգում են մարդու իրավունքները, թե՝ հետապնդում են սեռական փոքրամասնություններին, և այլ նման բաների: Որքան էլ դա գաղափարական կամ արժեհամակարգային առումով ցավոտ լինի ոմանց համար: Պետք է արագ կողմնորոշվել, դառնալ դրանց վստահելի գործընկեր և հաստատել փոխշահավետ ռազմաքաղաքական համագործակցություն: Ոչ թե հուսահատվել, այլ եռանդուն աշխատել գործընկեր երկրների հետ քաղաքական և ռազմական ուղղություններով: Մենք շատ լավ գիտենք, թե ով է մեր թշնամին, բայց ստեղծված ծանր իրավիճակը պահանջում է նաև հստակ իմանալ, թե ով է մեր բարեկամը:
Վ. Հ.