Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անկարան գրեթե համոզված էր, որ Մոսկվան իրեն կհրավիրի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ ղարաբաղյան ճգնաժամը համատեղ լուծելու համար: Երբ դա տեղի չունեցավ, Թուրքիան սկսեց հասկացնել, որ Ռուսաստանից ստացել է «ռազմավարական աքացի» և դուրս է մնացել գործընթացից. «Ռեգնում»–ում գրել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։
«Իհարկե, քչերն էին ակնկալում, որ Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին մոսկովյան համաձայնագրի ընդունումից հետո, որը պատրաստել էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները, ղարաբաղյան պատերազմը կդադարեցվեր: Դժբախտաբար, այն ուժեղ թափ է ստացել, ինչը կարող է ընդհատվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից գործնական համակարգված աշխատանքով, որի համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Խոսքը վերաբերում է հրադադարի մեխանիզմների ստեղծմանը և դրանց ամրապնդմանը, կառույցների ընտրությանն ու ձևավորմանը, որոնք կարող են դա լուծել դաշտում, իրավիճակի վերջնական շրջադարձի համար հակամարտող կողմերի հետ տեղական բանակցային գործընթացի սկզբին: Միևնույն ժամանակ, այս պահին միայն տեղեկություններ կան, որ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվորեն քննարկում է ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի մարտերում զոհվածների մարմինների շուտափույթ փոխանակման պայմանները:
Երբ մոսկովյան բանակցություններից հետո հաղորդումներ ստացվեցին, որ հրադադարի ռեժիմը խախտվում է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով կապվեց Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ՝ կրկին համոզվելու համար, որ հակամարտող կողմերը հավատարիմ են հրադադարի համաձայնագրերին: Լավրովը հորդորեց խստորեն պահպանել զինադադարը «հողի վրա»: Սա չափազանց կարևոր է, քանի որ առանց հրադադարի անհնար է անցնել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո մոսկովյան համաձայնագրով նախանշված քաղաքական գործընթացի վերսկսմանը՝ ելնելով կարգավորման առկա հիմնարար սկզբունքներից: Այնուամենայնիվ, կարծես, այս կոչը պատշաճ կերպով չլսվեց հակամարտող կողմերի կողմից: Անհրաժեշտ եղավ մեկ այլ այց Մոսկվա, այս անգամ՝ Մնացականյանի՝ պաշտոնական կարգավիճակում, ինչը զուգորդվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նրա հանդիպման հետ: Այս բանակցությունների հիմնական թեման էր Ղարաբաղում հրադադարի համաձայնագրերը չկատարելու պատճառների քննարկումը:
Հայաստանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ այնտեղ ստեղծվել է կրիտիկական իրավիճակ, և խոսքը վերաբերում է «մեր հայրենակիցների ֆիզիկական գոյությանը»: Բանակցությունների հիմնական թեման այն է, թե ինչպես շարժվել Մոսկվայում եռակողմ խորհրդակցություններից հետո և ինչպես արագ աշխատել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու մեխանիզմների մշակման ուղղությամբ, ինչը, ի դեպ, քննարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ հեռախոսազրույցներում: Բացի այդ՝ Մոսկվան, գիտակցելով, որ որոշ ժամանակ է պետք հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու մեխանիզմների մշակման խնդիրները լուծելու համար, զգուշացնում է, որ անհրաժեշտ է անհապաղ պատրաստ լինել հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքների քննարկմանն անցնելուն, քանի որ ձեռք բերված այդ դիրքորոշման ձգձգումը կարող է զրոյացնել այն, և ստիպված կլինենք ամեն ինչ նորից սկսել։ Ինչպես ասում է Լավրովը, «հարկավոր է գործընթաց, սակայն բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը սխալ ենք համարում»։
Այսպիսով՝ հակամարտության գոտում զինադադարը պաշտոնապես ուժի մեջ է, բայց կողմերը միմյանց մեղադրում են այն խախտելու մեջ: Միևնույն ժամանակ, Լոնդոնում տեղակայված Conciliation Resources խաղաղարար միջազգային կազմակերպության Կովկասի գծով տնօրեն Լոուրենս Բրոերսը DW-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իրավիճակը. «Այս հարվածները, ամենայն հավանականությամբ, ուղղված են քաղաքական նպատակների պարտադրմանը, ոչ թե ծառայում են որպես ռազմական խնդիր»։ Այս կապակցությամբ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել և կոչ արել «բոլոր կողմերին՝ ապահովել լիակատար համապատասխանություն Մոսկվայի պայմանագրին և անհապաղ սկսել բովանդակալից բանակցություններ, այսպես կոչված, Մինսկի խմբի շրջանակներում»: Ցավոք, գործնականում հնարավոր չէ իրականացնել նման կոչը: Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական երկխոսության շուտափույթ վերադարձի վերաբերյալ: Այս մասին Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
Անկարան թեև բառերով ողջունում է այդ համաձայնագրերը, իրականում «կասկածներ է հայտում դրանց իրականացման հնարավորությունների վերաբերյալ»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կգա միայն այն ժամանակ, երբ այնտեղից դուրս գան «հայ օկուպանտները»: Այս առումով, շատ փորձագետներ կանխատեսում են, որ ռուս-թուրքական հարաբերություններում հակասությունների եռանկյունի կառաջանա՝ Սիրիա, Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: Թուրքական Karar պարբերականը հայտնում է, որ «Անկարան գրեթե համոզված էր, որ Մոսկվան իրեն կհրավիրի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը՝ համատեղ լուծելու ղարաբաղյան ճգնաժամը: Երբ դա տեղի չունեցավ, Թուրքիան սկսեց հասկացնել, որ Ռուսաստանից ստացել է «ռազմավարական աքացի» և դուրս է մնացել գործընթացից»: Կրեմլը, ինչպես նախկինում, չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարումը, որպեսզի հակամարտության կողմերը ամբողջությամբ հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն «կարգավորման քաղաքական և դիվանագիտական միջոցների»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այնպես որ՝ իրադարձությունները զարգանում են»։