կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 13:34
Սփյուռք

Լոս Անջելեսի հսկայական հայկական սփյուռքը մոբիլիզացվում է հանուն Ղարաբաղի

Լոս Անջելեսի հսկայական հայկական սփյուռքը մոբիլիզացվում է հանուն Ղարաբաղի

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրվելուն պես Լոս Անջելեսի հսկայական հայկական համայնքը մոբիլիզացվեց` սնունդ, բժշկական սարքավորումներ եւ այլ պարագաներ հայրենիք ուղարկելու համար. գրում է AFP-ն:

«Այն պահին, երբ դա սկսվեց, մենք մտածեցինք, թե ի՞նչ ենք անելու, եւ անմիջապես գործի անցանք»,- ասաց Սոսե Կրիկորյանը` տեսակավորելով Ղարաբաղի համար նախատեսված օգնությունը:

Լոս Անջելեսի հայ համայնքի համար, որն աշխարհում ամենամեծներից մեկն է, մի քանի տասնամյակ տեւած հակամարտությունը շատ անձնական է:

«Մենք բոլորս շատ կապված ենք մեր հայրենիքի հետ: Հայաստանը մեզ համար սուրբ է»,- ասաց Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ում հայերի թիվը 1.5-ից 2 միլիոն է, որոնցից շուրջ մեկ միլիոնն ապրում է միայն Կալիֆոռնիայում, մեծ մասը` Լոս Անջելեսում:

«Յուրաքանչյուր հայ, որի հետ խոսում եք այս օրերին, ցանկանում է ինչ-որ բան անել` լինի գումարի նվիրատվություն, սնունդ, լրատվամիջոցներ կամ Կոնգրեսի անդամներին զանգահարելը»,- հավելեց Հովսեփյանը, որը ծնվել է ԱՄՆ-ում, եւ որի նախնիները փախել են Հայոց ցեղասպանությունից:

Համայնքային համերաշխությունը Լոս Անջելեսում կարելի է տեսնել ամբողջ քաղաքում, հատկապես` Գլենդելի արվարձանում կամ «Փոքր Հայաստանում», որտեղ ապրում է հայերի մեծ մասը, կամ` որտեղ շատ խանութներ հպարտորեն կախել են Հայաստանի դրոշը եւ օգնության հավաքման համար տուփեր տեղադրել:

Հայկական արմատներով հայտնիները, ինչպիսիք են երգչուհի Շերը կամ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նույնպես փորձել են սոցիալական ցանցերում ուշադրություն հրավիրել մահաբեր հակամարտության վրա:

Մյուսները, ինչպես 21-ամյա Կրիկորյանը, օգնում են` առաջնագծի համար անհրաժեշտ պարագաներ հավաքելով: «Մենք արդեն ավելի քան 1000 տուփ դեղամիջոց ենք ուղարկել, եւ շուտով եւս մեկ թռիչք կլինի»,- հպարտորեն ասում է նրա հայր Ջո Կրիկորյանը` հասարակական կազմակերպության ղեկավար, որը առաջին բուժօգնության լայնածավալ թրեյնինգներ է անցկացնում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Լիբանանում ծնված Կրիկորյանը նշեց, որ տասնյակ կամավորներ են եկել օգնելու իր արշավին, իսկ Լոս Անջելեսի շրջանի մյուս կազմակերպությունները հագուստ կամ սնունդ են հավաքում:

«Ես միայն Ամերիկայի քաղաքացիություն ունեմ, բայց Հայաստանն իմ հայրենիքն է, դա իմ արյունն է, իմ արմատները, իմ պապն ու տատը ցեղասպանությունից են փրկվել»,- ասաց 48-ամյա տղամարդը:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի խորհրդի անդամ Րաֆֆի Սարգսյանը, որը կամավորների մի փոքր խումբ է ղեկավարում, որը մտադիր է առաջիկա օրերին մեկնել Ղարաբաղ, ասաց, որ ամենամեծ խնդիրը լոգիստիկ հարցերի լուծումն է, որպեսզի օգնությունը տեղ հասնի: Նրա խոսքով` օգնության մեծ մասը կատաղի մարտերի պատճառով մնացել է Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, եւ իր նպատակն էր մատակարարման շղթա ստեղծել, որպեսզի բժշկական սարքավորումները եւ այլ նյութերը հասնեն Հայաստան եւ, ի վերջո, առաջնագիծ: