Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամեն ինչ կանեմ, որ ձեր չարչարանքն իզուր չանցնի՝ ըստ Yerkir.am-ի առաջնագծի տարբեր տեղամասերի հրամանատարների, զինվորների հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա առաջնագիծ է զանգել կեսգիշերն անց ու իր ֆեյսբուքյան էջում հրապարակել հեռախոսազրույցից մի հատված։
«Զանգել եմ՝ ասեմ, որ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջեւ: Գիտեմ, որ շատ դժվար է, բայց ուզում եմ ասել, որ այն ծառայությունը, որ դուք ձեր հայրենիքին մատուցում եք, պատմական ծառայություն է»,- ասել է Փաշինյանը առաջնագծի հրամանատարներից մեկի հետ հեռախոսազրույցում:
Ավելի վաղ РБК հեռուստաալիքի հետ հարցազրույցում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը։
Մեր զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց մարտերը դժվար են, համառ են, դրանք շարունակվում են՝ արձանագրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում ներկայացնելով իրավիճակն առաջնագծում։
Նա տեղակացրել է, որ հակառակորդը կորցրել է զգալի թվով զինտեխնիկա և դա փաստող տեսանյութ է հրապարակել։
«Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի»,-ասել է նա։
Մամուլի ասուլիսում Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում մի քանի անգամ Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, ենթարկվել են ադրբեջանական զինված ուժերի հրետակոծություններին և հրթիռակոծություններին։ Կան տուժածներ։
ՊՆ ներկայացուցիչը կարևոր է համարել նշել, որ հայկական զինուժը այս պահին մարտական գործողությունները վարում է և հաղթանակները տանում է միայնակ՝ հենվելով միայն մեր զինաված ուժերի և ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։
«Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, քանզի նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն ենք մարտնչում»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքները կազմակերպելու թեմայով: Նա ասել է, որ կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որը կգնահատի հրետակոծությունից տուժած շենք-շինությունները և ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում։