Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս փորձագետ, հոդվածագիր Ստանիսլավ Տառասովը «Ռեգնում»-ում գրում է.
«Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն աշխատանքային այցով մեկնել է Բաքու: Նա բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, նրաննաև ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Ցանկացած այլ իրավիճակում նման այցը, հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի սերտ ռազմավարական համագործակցությունը, կարող էր վերագրվել սովորական նշանակության իրադարձության: Այնուամենայնիվ, ղարաբաղյան պատերազմի պայմաններում Չավուշօղլուի հայտնվելը Բաքվում հագեցած է լուրջ իմաստներով, որոնք չեն տեղավորվում Թուրքիայի արտգործնախարարի հրապարակային հայտարարությունների մեջ, ըստ որոնց` նա որոշել է այս կերպ համերաշխություն և աջակցություն հայտնել Ադրբեջանին: Քանի որ Բաքվի բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել, որոշ տեղական փորձագետներ ենթադրում են, որ Չավուշօղլուն Ադրբեջանի հետ համաձայնեցրել է «դիվանագիտական հարթությունում գործողությունները՝ ուղղված չեզոքացնելու Հայաստանի և այլ երկրների ճնշումը Ադրբեջանի վրա»:
Նշենք, որ Չավուշօղլուն Բաքվում հայտնվել է Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ բանակցությունների հաջորդ օրը, որոնց ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում պատերազմը, Լիբիայում առճակատումը և Արևելյան Միջերկրական ծովի շուրջ վեճերը, Լեռնային Ղարաբաղում պատերազմը: Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Սթոլթենբերգը որոշակի դատողություններ է արել թուրքական կողմի մասին, որոնք Չավուշօղլուն որոշել է ներկայացնել Ադրբեջանի ղեկավարության ուշադրությանը:
Գոյություն ունեցող փաստական նյութը թույլ է տալիս վերականգնել իրավիճակը` կապված ղարաբաղյան պատերազմի հետ, որում նոր լուրջ տարրեր սկսեցին ի հայտ գալ: Առաջին հերթին սա Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունն է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում համանախագահող երկրները կոչ են անում հակամարտող կողմերին` դադարեցնել պատերազմը և սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ բանակցությունները նախորդ ձևաչափով: Այնուհետեւ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Այնուամենայնիվ, ինչպես գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը, հնարավոր չէ «նոր շունչ» վերադարձնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, երբ նա կրեց դիվանագիտական պարտություն՝ չկարողանալով կանխել հակամարտության անցումը «թեժ առճակատման» փուլի. միայն հայտարարություններով չի հաջողվի: Ավելին` Լեռնային Ղարաբաղի ներկայիս պատերազմը զինված միջադեպ չէ, ինչպես 2016-ի ապրիլը, երբ հիմնականում Մոսկվան, բայց Վաշինգտոնի և Փարիզի աջակցությամբ, կարողացավ արագորեն վերջ տալ հայերի և ադրբեջանցիների ռազմական գործողություններին:
Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել: Եվ ոչ միայն` Հայաստանում և Ադրբեջանում, այլև` Միջին Արևելքում ու միջազգային ասպարեզում: Այժմ Լեռնային Ղարաբաղի պատերազմը սկսում է լրջորեն ազդել Անդրկովկասի սահմաններից այն կողմ իրավիճակի վրա: Ավելին, եթե ավելի վաղ իրականում միայն Ռուսաստանն էր ընկալվում որպես տարածաշրջանային անվտանգության միակ երաշխավոր, ապա այժմ Բաքուն սկսել է իր դաշնակից Թուրքիային ներմուծել այդ համակարգ: Ի դեպ, «Frankfurter Allgemeine Zeitung»-ի վերլուծաբանները կարծում են, որ «Անկարայի աջակցությունն էր, որ որոշիչ գործոն դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու սպառնալիքներն իրականացնելու փորձի համար, որը հնչում էր երկար տարիներ»: Սա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ոչ մեկն ի վիճակի չէ միաժամանակ ազդել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքականության վրա: Բայց Թուրքիան, վախենալով փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, զերծ է մնում ղարաբաղյան պատերազմին Ադրբեջանի կողմից անմիջական մասնակցությունից: Նա որոշել է օգտագործել սիրիացի ջիհադական վարձկաններին` որպես վստահված բանակ Լեռնային Ղարաբաղում:
Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասաց, որ Թուրքիայից սիրիացի ջիհադականները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին, և որ «դա կարող է փոխել ուժերի դասավորվածությունը», Ալիևը կտրականապես հերքեց այդ տեղեկությունը՝ Փարիզից պահանջելով «ապացույցներ» ներկայացնել և «հրապարակային ներողություն խնդրել Ադրբեջանից»: «Բայց հետո Մակրոնի տեղեկատվությունը հաստատեցին ամերիկյան հետախուզության և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչները: Սա ենթադրում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկսում են քաղաքականորեն որակավորել Լեռնային Ղարաբաղի պատերազմը այլ կերպ՝ այն գնահատելով որպես «ջիհադիզմի դեմ պայքարի» ճակատներից մեկը: Եթե այդպիսի դատողությունը գերիշխող դառնա, ապա նրանք կարող են հանդես գալ ռազմական կոալիցիա ստեղծելու նախագծով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով համապատասխան որոշում կայացնել: Սեպտեմբերին ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, որում մանրամասն նկարագրվում էին Սիրիայի ազգային բանակի զինյալների կողմից կատարված հանցագործությունները ՝ առևանգումներ, բռնաբարություններ և շորթումներ Սիրիայի քրդերի, քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների նկատմամբ: Եթե այս սցենարն իրականացվի, Ադրբեջանը վերջնականապես կկորցնի Լեռնային Ղարաբաղը:
Այսպիսով` Չավուշօղլուն քննարկելու բան ուներ Բաքվի բանակցություններում, քանի որ այժմ միայն Հայաստանը չէ, որ դիմակայում է ռազմավարական դաշնակիցներին: Բայց պայմանները, որոնց դեպքում հակամարտող Բաքուն և Երևանը կհամաձայնեն խաղաղ բանակցություններին, տեսանելի չեն: Այնուամենայնիվ, բոլորը հասկանում են, որ համաշխարհային հանրությունը սկսել է ձգտել փոփոխությունների՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»: