Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության Վարդենիս համայնքում քիչ առաջ քաղաքացիական ավտոբուս այրվեց ադրբեջանական հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից. տեղեկանում ենք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պաշտոնական էջից։
Ադրբեջանը մարտական գործողությունների հենց սկզբից թիրախավորում է խաղաղ բնակիչներին և քաղաքացիական օբյեկտները թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի։
ՄԻԵԴ նախկին փոխարինող դատավոր, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, փորձագետ Սիրանույշ Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները համարվում են քրեորեն պատժելի արարքներ, քանի որ զինված կոնֆլիկտների ժամանակ գործողության մեջ է մտնում միջազգային հումանիտար իրավունքը, որը կարգավորում է, թե որ օբյեկտները կարող են թիրախավորվել։
Պատերազմի ժամանակ զինված ուժերի անձնակազմի նկատմամբ հարձակումները թույլատրելի են, բայց արգելված է քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ոտնձգությունը։
«Եթե քաղաքացիական անձինք կամ օբյեկտները դառնում են հարձակումների ուղղակի թիրախներ, մենք այս դեպքում գործ ունենք մարդկության դեմ ուղղված կամ պատերազմական հանցագործությունների հետ»,- ասաց նա։
Արձագանքի եղանակները կարող են տարբեր լինել՝ սկսած Միջազգային քրեական դատարանում անձերի միջազգային քրեական պատասխանատվությունից, առանձին պետությունների ներպետական օրենսդրությանը համապատասխան քրեական հետապնդումներից, վերջացրած նրանով, որ, կախված էսկալացիայի բնույթից, տարածվածությունից, այս հարցերը կարող են դառնալ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա և հանգեցնել բուն պետության նկատմամբ որոշակի սանկցիաների ու գործողությունների։
Սիրանույշ Սահակյանն ասաց, որ բացառություն են այն դեպքերը, երբ երկրներն իրենց քաղաքացիական բնակիչներին օգտագործում են իբրև կենդանի վահան հակառակորդի դեմ։ Սա, ինչպես գիտենք, Ադրբեջանի նախընտրած տարբերակն է։ Արցախում այս խնդիրը չկա։
Մարտական գործողությունների առաջին պահերին իսկ ռմբակոծությունից մահացան մանկահասակ երեխա և տարեց տղամարդ։ Երեկ հրապարակվեց 9-ամյա տղայի մահվան լուրը։ Խաղաղ բնակիչների և բնակավայրերի ավերածությունների փաստերը հավաքել և հրապարակել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
ՄԻՊ Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին է ուղարկել հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով:
«Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Նա նշեց, որ ոչ միայն տարբերություն չի դրվում քաղաքացիական ու ռազմական օբյեկտների միջև, այլև հարվածները հասցվում են նաև թիրախային՝ դպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Այս բոլոր գործողություններն ուղեկցվում են համակարգված՝ պետության կողմից աջակցություն ստացող ատելության խոսքով։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երեկ ուշ երեկոյան Հայտարարություն ընդունեց՝ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների հանդեպ Ադրբեջանի կողմից կատարված ագրեսիայի մասին:
«Արդեն ընդունված այդ փաստաթուղթը, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ԵԱՀԿ-ում և հիմա աշխատանքներ է տարվում այդ փաստաթուղթը ՄԱԿ-ում և միջազգային այլ կառույցներում տարածելու ուղղությամբ։ Այնտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է իր իսկ կողմից ընդունված Ժնևյան կոնվենցիաները։ Ժնևյան կոնվենցիաներին միացած է նաև Արցախը դեռևս 1993 թ-ի հունվարից և պահում է իր պարտավորությունները՝ ի տարբերություն «ճանաչված պետության»՝ Ադրբեջանի»,- ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Աննա Բալյան