Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը շարունակում է հանցավոր գործողությունները հայ ռազմագերիների նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ադրբեջանը շարունակում է հանցավոր գործողությունները հայ ռազմագերիների նկատմամբ․
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում։
Ահազանգ եմ հնչեցնում միջազգային կառույցներին՝ խնդրելով իրենց լիազորությունների շրջանակներում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի անթույլատրելի ու հանցավոր գործողությունները կանխարգելելու նպատակով և խստագույնս դատապարտել այս և 44-օրյա պատերազմից հետո շարունակվող ահաբեկչական գործողություները։ Ադրբեջանն առ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, դարձնում քաղաքական առևտրի առարկա և առաջ քաշում նոր նախապայմաններ։
Միջազգային իրավասու օղակների կողմից նման դեպքերը պետք է ենթարկվեն անհատական ուսումնասիրության և արժանի գնահատականի՝ իրենց իրավասություններին համահունչ ձեռնարկելով համապատասխան գործողություններ: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն ոտնահարումները և ռազմագերիների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկի։ Պետք է գործադրվեն պատասխանատվության մեխանիզմներ․ քանի դեռ հանցագործություն իրականացրած անձինք չեն ենթարկվել պատասխանատվության, նմանատիպ հանցագործությունների վտանգը պահպանվելու է, և դրանք շարունակելու են լրջագույն մարտահրավեր լինել միջազգային հումանիտար իրավունքին։
Հիշեցնեմ՝ համաձայն «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի դրույթների՝ գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար: Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած անօրինական գործողություն կամ անգործություն, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Ռազմագերիները նաև պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից: Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է: Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: (...):
Հարգելի՛ միջազգային գործընկերներ, Ձեր աչքի առաջ Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքը, մի՛ լռեք, գործե՛ք, քանի դեռ ուշ չէ»։