կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-28 01:24
Աշխարհ

Forbes-ն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և ԼՂ հարցի պատմությանը

Forbes-ն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և ԼՂ հարցի պատմությանը

Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմության վերաբերյալ: Հոդվածը հրապարակել է «Տանկերն այրվում են, երբ ադրբեջանական զորքերը հարձակվում են հայկական զորքերի վրա Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ:

Հոդվածի սկզբում նշվում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական Զինված ուժերը տարբեր զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ հարձակումը սկսվել է Ադրբեջանի հուլիսյան հարձակումից ընդամենը 2 ամիս անց:

Forbes-ը նշում է, որ մարտական գործողությունները հանգեցրել են նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, իսկ հակամարտությանը կարող են նաև ներգրավվել Ռուսաստանը և Թուրքիան՝ ի պաշտպանություն հակամարտող պետությունների:

Հոդվածում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից հուլիսին Հայաստանի սահմանին Տավուշի մարզի ուղղությամբ սանձազերծված գործողություններին, ինչպես նաև ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմությունը՝ Արցախյան շարժումից մինչև մեր օրեր:

Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: